Նիդերլանդների ոստիկանությունը փակել է էլեկտրոնային նամակագրության գաղտնագրման երկրում խոշորագույն Ennetcom ընկերությունը, որի ծառայություններից օգտվում էին կազմակերպված հանցավոր խմբերը:   

«Ոստիկանությունը եւ քննիչները ենթադրում են, որ իրենք բացահայտել են գաղտնագրման Նիդերլանդներում խոշորագույն ցանցը, որից օգտվում էր կազմակերպված հանցավորությունը», — ասված է հոլանդական դատախազության հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ին:

Ennetcom ընկերությունը ծառայություններ է մատուցել 19 հազար հաճախորդի, որոնցից շատերը, հետաքննության տվյալներով, ներգրավված էին «քրեական լուրջ գործունեության մեջ»:

Ընկերությունը բջջային հեռախոսներ էր վաճառում ծրագրային փոփոխված ապահովմամբ, որոնք հաղորդագրությունները վերաուղղորդում էին ընկերության սերվերների միջոցով: Օգտատերերը չէին կարողանում հեռախոսազանգեր կատարել այդ հեռախոսներից եւ մուտք ունենալ համացանց: Մեկ հեռախոսի գինը մոտավորապես 1,5 հազար եվրո էր կազմում:

Ընկերության սերվերների մեծ մասը տեղակայված էր Կանադայում, նիդերլանդների իշխանությունները Կանադայի ոստիկանության համագործակցությամբ ստացել են այդ սերվերների պատճենը: 

Իրավապահ մարմինները ձերբակալել են նաեւ ընկերության սեփականատիրոջը: