Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունից տուժած 45-ամյա Հարություն Թերզյանը ավտոբուս նստելուց հետո ամբողջ ընթացքում վատ կանխազգացում է ունեցել:
«Երբ նստած էի ավտոբուսի հետեւում, ինչ-որ վատ զգացողություն ունեի, անընդհատ աչքերիս առաջ մշուշ էր, ներքին զգացողություն ունեի, որ մի վատ բան կատարվելու էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Հարություն Թերզյանը:
Նա դեպքի օրը դուրս է եկել Հալաբյան փողոցում գտնվող հոր տնից, ուղեւորվել դեպի Էրեբունի եւ պայթյունի վայրին հարող կանգառում պետք է իջներ, երթուղին փոխեր:
«Հալաբյանի կանգառում իջնելու էի, որ ավտոբուսը փոխեի: Երբ բարձրացա ավտոբուս, նստեցի ամենավերջին նստարանին, բայց ավտոբուսի աջ կողմում առաջին նստարանին նստած սպիտակ մայկայով տղամարդը ինձ իր տեղն առջարկեց: Ես պատրաստվում էի վեր կենալ, գնալ ու էլ բան չէմ հիշում, սեւ մշուշ էր»,-ասել է տուժածը:
Հարությունը, սակայն զգացել է պայթյունը, նույնիսկ հասցրել է մտածել, որ «վերջ, սա իր կյանքի վերջին պահերն են»:
Կատարվածից հետո ուշքի գալով, Հարություն Թերզյանը տեսել է, որ միայն ինքն է պայթած ավտոբուսում նստած, մտածել է՝ ինքն է միակ ողջ մնացածը:
«Աչքերս բացեցի, լույս զգացի, տեսա, որ պայթած ավտոբուսի մեջ մենակ ես եմ նստած: Այդ պահին ինձ թվաց, թե հրաշք է եղել, միայն ես եմ ողջ մնացել, բայց երբ ինձ օգնեցին, դուրս հանեցին տեսա, որ հրաշքով էլի ողջ մնացածներ կան»,-ասել է Թերզյանը:
Հարությունը Թերզյանը փորձել է զանգահարել քրոջը եւ տեղեկացնել տեղի ունեցածի եւ իր գտնվելու վայրի մասին, սակայն չի կարողացել:
«Փորձեցի զանգել քրոջս, բայց զգացի, որ ծանր է լսողությունս, բան չեմ լսում ու չեմ կարողանում զանգել»,-ասել է տուժածը:
«Արմենիա» ՀԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արա Նազարյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ Հարություն Թերզյանի մոտ առկա է գլխի սալջարդ, ուղեղի ցնցում, ականջի վնասում: Թերզյանին Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են Քիթ-կոկորդի բաժանմունք:
Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ մասին երկրորդ նստատեղում նստած մարդու մոտ:
Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի երեկոյան ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորը, նախնական տեղեկություններով, պատրաստվում էր պայթեցնել ազգականներին:
NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը, քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։
«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:
Հիշեցնենք, որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:











