NASA-ն անհրաժեշտ է համարում այնպիսի կանոնների մշակումը, որոնք միջազգային մակարդակում կկարգավորեն երկրների տիեզերական ակտիվությունը: Այդ մասին Վաշինգտոնում հայտնել է ԱՄՆ-ի Աերոտիեզերական համալիրի ղեկավար Չարլզ Բոլդենը:   

«Տիեզերքը գնալով ավելի ծանրաբեռնված եւ ավելի մրցակցային է դառնում, եւ այդ երեւույթը, անկասկած, նոր բարդություններ է ստեղծում, այդ թվում` ուղեծրում շարժման կառավարման, տիեզերական աղբի կառավարման առումով…  Մենք, որպես համաշխարհային հանրություն, պիտի պայմանավորվենք տիեզերական տարածքի երկարաժամկետ օգտագործման համար կանոնների հավաքածուի շուրջ», — ասել է Բոլդենը` ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նա ընդգծել է, որ NASA-ն պատրաստ կլինի ապահովել իր առաջնորդությունը տիեզերական հետազոտություններում, ինչպես նաեւ փոխշահավետ համագործակցություն իրականացնել այլ երկրների հետ: