Սեպտեմբերի 30-ին, ժամը 14:00-ին Արմենիա-Մարիոթ հյուրանոցում մեկնարկելու է «Անվտանգության եւ տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» թեմայով երկօրյա գիտաժողովը, որին մասնակցելու են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական գործիչներ ՝ Ալեքսեյ Վենեդիկտովը, Կոնստանտին Սիմոնովը, Եֆիմ Պիվովարը, Նիկոլայ Զլոբինը, Ռուսլան Գուսարովը, Լեոնիդ Մլեչինը, Վլադիմիր Մամոնտովը, Ալեքսանդր Գուրնովը, Կիրիլ Տանաեւը, Պյոտր Գլադկովը, Ալան Կասաեւը,Թաթո Լասխիշվիլին, Գիա Մեպարիշվիլին, Ալեքսանդր Ռուսեցկին:
Այս գիտաժողովը նպատակ ունի քննարկումների եւ հանդիպումների միջոցով աջակցել քաղաքական տարաձայնություններով ու հակասություններով լի հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջեւ տեղեկատվական համագործակցությանը: Այս առումով կարեւորվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների օբյեկտիվ աշխատանքն ու միմյանց հետ փոխգործակցելու անհրաժեշտության գիտակցումը:
Գիտաժողովի շրջանակներում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ: Հարավկովկասյան երկրների պատվիրակությունների մասնակցությամբ կազմակերպվելու են կլոր սեղաններ եւ քննարկումներ, գիտաժողովի մասնակիցների հանդիպումներ` հայ լրագրողների հետ, մամուլի ասուլիսներ: Կազմակերպվելու են նաեւ ավանդական վարպետության դասեր (մաստեր-կլասեր)` հայաստանյան բուհերի լրագրության եւ քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների հետ: Դրանք վարելու են Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Տանաեւը (թեման՝ «Նոր ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում»), հեռուստալրագրող, «Russia Today» ՀԸ հեղինակային ծրագրի վարող Ալեքսանդր Գուրնովը (թեման՝ « Ժամանակակից ռուսական հեռուստատեսային քաղաքական լրագրությունը եւ Հարավային Կովկասը»), НТВ ՀԸ լրագրող Ռուսլան Գուսարովը (թեման՝ « Հեռուստալրագրողի աշխատանքը Կովկասի թեժ կետերում»):





























