Twitter-ը որոշել է այլեւս ԱՄՆ հատուկ ծառայություններին հասանելիություն չապահովել ծառայությանը, որը վերլուծում է այդ սոցցանցի օգտատերերի հաղորդագրությունները՝ զտելով հաճախորդի համար անհրաժեշտ տեղեկությունը, գրում է The Wall Street Journal-ը:
Խոսքը Dataminr կոչվող ծառայության մասին է, որը պատկանում է համանուն ընկերությանը, որի հետ սերտորեն համագործակցում է Twitter-ը:
The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ վերջին երկու տարում ԱՄՆ հատուկ ծառայություններն օգտվել են այս ծառայությունից, որի օգնությամբ գրեթե իրական ժամանակով հետեւել են ահաբեկչական ակտերի, անկարգությունների կամ քաղաքական խժդժությունների մասին տեղեկություններին:
Թերթի տեղեկություններով՝ Dataminr-ի օգնությամբ ամերիկյան հատուկ ծառայություններն իմացել են Փարիզի նոյեմբերյան ահաբեկչությունների մասին դրանց իրականացումից անմիջապես հետո: Բրյուսելում հարձակումների մասին ծառայությունը ԱՄՆ հետախուզությանը տեղյակ էր պահել լրատվամիջոցներում հայտնվելուց մի քանի րոպե առաջ:
Հիմա Twitter-ը որոշել է փակել այդ ծառայության հասանելիությունը: Ընկերությունից հայտնել են, որ իրենց քաղաքականությունն արգելում է հետախուզության նպատակով օգտագործել ընկերության ծառայությունները կառավարական ուժերի կողմից: Սոցիալական ցանցից չեն պարզաբանել, թե այդ դեպքում ԱՄՆ իշխանությունները վերջին 2 տարում ինչպես են օգտվել Dataminr ծառայությունից: Ընկերությունից հայտնել են, որ սոցցանցում հրապարակած հաղորդագրությունները հասանելի են հանրությանը, այդ պատճառով ԱՄՆ կառավարությունը կարող է ինքնուրույն ուսումնասիրել բաց էջերը:
Ընդ որում, Dataminr-ը շարունակելու է տեղեկություններ տրամադրել մասնավոր ընկերություններին:




























