Բրազիլիայի նախագահի պաշտոնակատար Միշել Թեմերը, որին այս պաշտոնին են նշանակել նախագահ Դիլմա Ռուսեֆին ժամանակավորապես հեռացնելուց հետո, քաղաքական բնույթի տեղեկություններ է հաղորդել ԱՄՆ դեսպանատանը, հետեւում է WikiLeaks կայքի հրապարակած՝ Պետդեպարտամենտի դիվանագիտական հեռագրերից, հայտնում է Lenta.–ն:

«Թեմերը, որը գահընկեց է արել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին, գաղտնի քաղաքական տեղեկություններ էր հաղորդում ԱՄՆ հետախուզական ծառայություններին»,- նշված է նախագծի պաշտոնական Twitter –ում:

Կայքի ներկայացրած նյութերը վերաբերում են 2006 թվականին, երբ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռուսեֆի նախորդը՝ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան:

Հեռագրերում մասնավորապես կան տվյալներ Բրազիլիայում քաղաքական ուժերի բաշխման, մի շարք կուսակցությունների գործունեության մասին, գնահատականներ ընտրություններում այս կամ այն ուժի շանսերի մասին եւ հնարավոր դաշինքների բնութագրեր: Թեմերը, որն այդ ժամանակ Կոնգրեսի պատգամավոր էր, ամերիկացիներին տեղեկացնում էր երկրում տիրող իրավիճակի մասին ու իր տեսակետները փոխանցում նրանց:

Թեմերին մասնավորապես վրդովեցնում էր այն, որ այն ժամանակ իշխող Աշխատավորների կուսակցությունը նրա խոսքով հափշտակում էր պետական գումարները, բայց ոչ թե հանուն որոշակի անձերի շահի, այլեւ կուսակցության ազդեցությունն ընդլայնելու համար: Նաեւ քաղաքական գործիչն իր բնութագրերում քննադատում էր այն ժամանակվա նախագահ Լուլուին այն բանի համար, որ նա «չափազանց մեծ ուշադրություն էր» հատկացնում սոցիալական ծրագրերին, որոնք Թեմերի կարծիքով չէին նպաստում տնտեսական աճին ու զարգացմանը: