Ռուսաստանը հույս ունի վերստեղծել ֆիզիկական փորձարկման մշակույթը, որը ժամանակին ստեղծվել էր Ռուսաստանում եւ որն անգամ գերազանցում էր ամերիկյան եւ համաեվրոպական մշակույթը, ու զարգացնի այն Երեւանի «Քվանտ» վարժարանի հետ համատեղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ալեքսեյ Սեմյոնովը։ Մոսկովյան ԲՈՒՀ-ի ղեկավարությունը Երեւանում մասնակցում էր «Քվանտ» վարժարանի հիմնադրման 25-ամյակին։

Նա նշել է, որ «Քվանտ» վարժարանը կարեւոր է ոչ միայն Հայաստանի եւ նախկին ԽՍՀՄ երկրների համար, այլ նաեւ ամբողջ աշխարհի  համար, քանի որ նման նախադեպ, երբ մեկ դպրոցում հավաքված են գիտությամբ հետաքրքրվող երեխաներ, հիմա փորձարկում են շատ երկրներում, օրինակ, Մեծ Բրիտանիայում։ «Իսկ ահա այստեղ այս վարժարանը գոյություն է ունեցել 25 տարի, մշտապես զարգացել է, ավելի ու ավելի շատ երեխաների է գրավել Հայաստանում։ Դա շատ կարեւոր է ազգի հոգեւոր կապիտալը պահպանելու համար, որպեսզի հետագայում վերստեղծվի նաեւ համաշխարհային գիտությունը»,- ասել է նա։

Համալսարանի ռեկտորը նշել է, որ կարեւոր են ոչ միայն փորձարկումների համար սարքավորումները, որոնք կարելի է գտնել շատ դպրոցներում։ «Այստեղ կարեւոր է ժամանակակից տեխնոլոգիաների, էլեկտրոնային կրիչների համադրությունը ուսուցիչների աշխատանքի հետ, եւ դա ամենակարեւորն է, քանի որ այստեղ կան համալսարանական մակարդակի ուսուցիչներ»,- ասել է Ալեքսեյ Սեմյոնովը՝ հավելելով, որ կարեւոր է, որ երեխաներն ինքնուրույն մշակում եւ փորձեր են կատարում։

Անդրադառնալով հարցին, թե այսօր դպրոցական ուսուցման մեջ ինչ դեր են խաղում ժամանակակից տեխնոլոգիաները եւ էլեկտրոնային կրիչները, նա նշել է, որ էլեկտրոնային կրիչների հետ ամեն բան ավելի հեշտ է, միշտ կարելի է վիրտուալ տարածքում ինչ-որ բան ցույց տալ, բայց կարեւոր է չկորցնել իրականությունը։ «Քվանտ» վարժարանում մենք տեսնում ենք իրական ֆիզիկայի եւ իրական քիմիայի համադրությունը էլեկտրոնային տեխնոլոգիաների հետ։ Եվ շատ կարեւոր է, որ փորձերն այստեղ կատարում է հենց աշակերտը, այստեղ աջակցում են դպրոցականների հետազոտական գործունեությանը»,- ասել է նա։

Հյուրերի համար էքսկուրսիա կազմակերպեցին դպրոցի լաբորատորիաներով, իսկ աշակերտները ցուցադրեցին իրենց փորձերը։ Ֆիզիկայի լաբորատորիայում ուսուցիչ Սերգեյ Պետրոսյանը ցույց տվեց սեփական ձեռքերով հավաքած սարքերը, իսկ հետո իրենց սարքերը ցուցադրեցին աշակերտները։

Դպրոցի ուսուցիչների խոսքով՝ Բաքվում ծնված Սերգեյ Պետրոսյանը, ԿՎՆ-ի առաջին մասնակիցներից էր, խաղում էր Գուսմանի թիմում եւ հաղթել էր անգամ Յակուբովիչին։ Բաքվի դպրոցներից մեկում նա լաբորատորիա էր ստեղծել, որը ԽՍՀՄ-ում ճանաչվել էր լավագույնը, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո հրաշքով այն տեղափոխել եր Երեւան Վրաստանի տարածքով։

Ինքը՝ Սերգեյ Պետրոսյանը, պատմեց, որ տարվա վերջում իր աշակերտների համար քննություն խաղ է կազմակերպում, որը նման է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ին, եւ դա ոգեւորում է երեխաներին։

Աշակերտներից մեկը ցուցադրեց իր հավաքած Տեսլայի գեներատորը, որը կարող է շարքից հանել մոտակա հսկող տեսախցիկները։ Ուսուցիչների պատմելով՝ մի անգամ մոնիտորների վրա խոտան էր առաջացել, եւ խնդրի պատճառները որոնելիս պարզվել էր, որ աշակերտը փորձարկում է իր սարքը։ Սպարտակ Աղաբեկյանը, որի անունը բոլոր ներկաները անմիջապես ուզեցին պարզել, ցույց տվեց, թե ինչես է աշխատում իր սարքը. սմարթֆոնի  վրա առանց մատով դիպչելու տարբեր պատուհաններ են բացվում։

Քիմիայի լաբորատորիայում Հայաստանի քիմիայի օլիմպիական թիմի մարզիչ Վիտուշ Սարգսյանի ղեկավարությամբ դպրոցի աշակերտները փորձ կատարեցին՝ անգույն հեղուկը վերածելով վառ դեղին գույնի։ Վիրտուալ իրականության լաբորատորիայում Արսեն Դարպասյանը պատմեց, որ ինտերակտիվ ծրագրեր է ստեղծել եւ մայրենի լեզվի, եւ մաթեմատիկիայի ուսուցման համար՝ ընդհուպ մինչեւ թվային հաջորդականությունների ուսումնասիրություն։

Ավելի ուշ՝ աշակերտների հետ հանդիպմանը, մոսկվացի հյուրերից մեկը՝ World Information Technology And Services Alliance-ի Արեւելյան Եվրոպայի փոխնախագահ, գիտությունների դոկտոր Բորիս Կոմրակովը պատմել է, որ Հայաստանում է հայտնվել բոլորովին վերջերս կազմակերպության գործերով։ Նա հայտնեց, որ կազմակերպությունն ամեն տարի կոնգրես է անցկացնում, որը համաշխարհային մակարդակի միջոցառում է։ Այս տարի այն կայանալու է Բրազիլիայում, եկող տարի՝ Թայվանում, հետո Հնդկաստանում, իսկ 2 տարուց՝ Մալայզիայում։ Վերջին երկուսի միջեւ այդ միջոցառումը կընդունի Հայաստանը։

Նա հիշեցրել է,  որ «Քվանտ» վարժարանը ստեղծել են բարձրակարգ ֆիզիկոսներ, իսկ տնօրենը՝ Ռոբերտ Վարդանյանը,  Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս Ժորես Ալֆյորովի աշակերտն է: Բայց այսօր, նշեց նա, ֆիզիկան ու մաթեմատիկան այն մասնագիտությունները չեն, որոնք կարող են կերակրել մարդկանց, ու այս ոլորտից շատերը ծրագրավորման ոլորտ են գնացել: Իսկ հետո նա պատմեց, որ տասը տարի է ծախսել հասկանալու համար, թե ինչ մաթեմատիկա է պետք ծրագրավորողներին  ու պարզել է՝ «ոչ մի»: Պատմելով, թե ինչպես է հետո ինքը յուրացրել ալգոռիթմիկան, նաև ներկայացնելով, թե աշխարհում այսօր ծրագրավորողների ու ամենակարևորը ՝ ծրագրավորում դասավանդողների ինչ պահանջարկ կա, նա հայտնեց, որ WITSA և  I am IT համատեղ ներդնում են բակալավրիատի նոր ծրագիր  սոֆթ- ինժեներների համար: Նրա խոսքով սա արվում է ծրագրավորողների պահանջարկի խնդիրը լուծելու համար:

Բորիս Կոմրակովը պատմել է, որ  փորձնական նպատակով ծրագրավորում է սկսել սովորեցրնել 6-րդ դասարանից: Հիմա նրանք իններորդ դասարանում են ու միանգամայն կայացած ծրագրավորողներ, ու նրանք հիմա կարողանում են աշխատել: Եվ իր դասախոսությունն ավարտեց հարցով, ով է ուզում փող աշխատել 15 տարեկանում: Գրեթե բոլոր աշակերտները ձեռք բարձրացրեցին: