Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերջին 2,5 տարում զգալի աշխատանք է կատարել Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից դիրքերն ամրապնդելու ուղղությամբ: Այդ մասին սեպտեմբերի 30-ին կառավարության արտագնա նիստում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Առաջին հերթին, մենք Տավուշի մարզպետարանի հետ համատեղ ապահովել ենք այն բնակավայրերի անվտանգությունը, որոնք գտնվում են հակառակորդի զինված ուժերի ուղիղ նշանառության տակ»,- ասել է Օհանյանը՝ հավելելով, որ նման բանակավայրերը մարզում 20-ն են, իսկ հատուկ վտանգավորության գոտում՝ 5-ը: Նա հավելել է, որ կանխվել են Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակումների մի քանի դեպքեր:
Օհանյանի խոսքով, սահմանամերձ շրջանների բնակիչները մշտապես բարձրացնում են քաղաքացիական պաշտպանության մակարդակի բարձրացման հարցը հնարավոր ագրեսիայի դեպքում: «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիան, որի արդյունքում մարզի զգալի մասը կարող է հայտնվել հակառակորդի կրակի տակ, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բնակչության պատրաստվածությանը` քաղաքացիական պաշտպանության գծով»,- ասել է նախարարը:



























