Ռուսական հեռուստատեսության ակադեմիան ընդունել է իր մեղքը, որ մրցանակակիրներից մեկի` լրագրող Մանանա Ասլամազյանի անունը մրցանակաբաշխության ժամանակ չի հնչեցրել: Այս մասին նշվում է ակադեմիայի հայտարարության մեջ: Որոշվել է, որ մրցանակը, որն իրենից ներկայացնում է Օրփեոսի արձանիկ, Ասլամազյանին կհանձնվի մոտ ժամանակներս, երբ նա այցելի Ռուսաստան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 26-ին մրցանակաբաշխության ժամանակ հեռուստաակադեմիայի ղեկավար Միխայիլ Շվիդկոյը հաղթողների անունները հայտարարելիս «Ռուսաստանյան հեռուստատեսության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար» անվանակարգում բաց է թողել ռուսաստանյան «Ինտերնյուսի» հիմնադիր եւ ղեկավար Մանանա Ասլամազյանի անունը, թեեւ ակադեմիկոսները քվեարկել էին հենց նրա օգտին: ՏԷՖԻ մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած այս սկանդալից հետո հեռուստատեսային ակադեմիայի մի քանի անդամներ մտադրություն են հայտնել լքել ակադեմիան:
Շվիդկոյը «Կոմերսանտին» ասել է, որ հաղթողի անունը չի նշվել, քանի որ Ասլամազյանը ներկա չի եղել դահլիճում, իսկ հայտարարելու դեպքում խնդիրներ կառաջանար արարողության հեռարձակման մեջ: Շվիդկոյը նշել է, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա այդ որոշման մեջ: Ասլամազյանը եւս հայտարարել է, որ չէր ցանկանա այդ պատմության շուրջ աղմուկ բարձրացնել:




























