Պարզվել է օգոստոսի 25-ին կատարված հանցագործության հեղինակը: Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 25-ին, ժամը 23:00 սահմաններում ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի 2-րդ շենքի բակում կրակոցներ էին հնչել: Հարակից շենքերի բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել էին, որ տեսել են, թե ինչպես ՋԻՊ մակնիշի ավտոմեքենայով մի խումբ երիտասարդներ են եկել բակ, ու «մեր դեմ խաղ չկա» բացականչություններով սկսել են կրակել: Ըստ ականատեսների` հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ ՊՆ աշխատակից, գնդապետ Սուրեն Սարգսյանի որդին` Նարեկ Սարգսյանը: 23-ամյա Նարեկը ստացել էր աջ բազկի վերին երրորդի թափանցող եւ կրծքավանդակի աջ մասի կույր հրազենային վնասվածքներ:

Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին «Մակարով» տեսակի ատրճանակի 7 պարկուճ: Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողը ի վիճակի չէր հաղորդում տալու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235 հոդ.1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ Նարեկ Ս.-ին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով հրազենային վնասվածքը, գործով դեռեւս չպարզված անձի հետ, պատճառել է 20-ամյա Գեղամ Պ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Գեղամ Պ.-ի հանցակցի անձը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի