Հայաստանի եւ Չեխիայի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը ցածր է, տեսանելի դրական միտում էլ չունի։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Երեւանում ընթացող հայ- չեխական գործարար համաժողովի ժամանակ ասաց Չեխիայի նախագահ Մելոշ Զեմանը, որն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։

«Ես հաջողակ չեխ գործարարների մեծ խումբ եմ ինձ հետ բերել Հայաստան։ Ինչո՞ւ է ցածր առեւտրաշրջանառությունը, ի՞նչ կարող ենք մենք առաջարկել. Մի կողմից ավանդական ապրանքներ՝ չեխական գարեջուր, գերազանց ապակի եւ չեխական ամենագնացներ, որոնք լավագույնն են։ Ես փորձում եմ ապրանքները ներդրումներից առանձնացնել»,- ասաց նախագահը։

Ըստ Զեմանի՝ երկու երկրներն ունեն նոր գաղափարներ, ծրագրեր, որոնք մտադիր են իրագործել միասին, խոսքը մասնավորապես արդյունաբերության այն ոլորտներին է վերաբերում, որոնք նոր են եւ մեծ ծավալի են։

Մելոշ Զեմանն անդրադարձավ նաեւ արտահանման բանկերի դժգոհություններին, այն է՝ վստահություն չկա գործընկերների նկատմամբ. «Սա վերաբերում է բոլոր երկրներին։ Վերջում մի մեջբերում անեմ չեխ հայտնի գործարարից. «Մի ասա՝  անհնար է, ասա՝ ինձ համար է անհնար։ Ես հավատացած եմ, որ ձեզ համար հնարավոր կլինի»։