Հայաստանում քիչ են պրոֆեսիոնալ էքսկուրսավարները: Այս մասին հունիսի 8-ին լրագրողներին ասել է Հայաստանի զբոսաշրջության ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի աջակցությամբ՝ Տնտեսագիտական թեմաներ լուսաբանող լրագրողների ակումբի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ:

Մինասյանի խոսքով, զբոսաշրջիկներ կարող են ժամանել եվրոպական ամենատարբեր երկրներից ու ցանկալի է,որ անգլերենից բացի եվրոպական մյուս լեզուներին տիրապետող էքսկուրսավարներն էլ ավելի շատ լինեն: Բացի դրանից կա նաեւ պարսկերեն իմացող էքսկուրսավարների պակաս: Դրա հետեւանքով իրանցի զբոսաշրջիկները երբեմն իրենց էքսկուրսավարների հետ են գալիս: «Ես ինքս եմ տեսել, թե ինչպես է նման էսկուրսավարը զբոսաշրջիկների խումբ տարել Հաղթանակի թանգարան: Թե ինչ էր նա պատմում նրանց Հայրենական պատերազմի ու ղարաբաղյան պատերազմի մասին, մենք չգիտենք: Բայց մի՞թե դա ճիշտ է»,- հարցնում է ռեկտորը: Որակյալ մատուցողների պակաս էլ կա, իսկ եվրոպացի զբոսաշրջիկները, անկասկած, դրան ուշադրություն են դարձնում: 10 դեպքերից 9-ում ճաշից հետո մատուցողը չի կարողանում ճիշտ ձեւով հավաքել սեղանը: «Մեկ անգամ ինձ դիմեցին իմ ծանոթները, որոնք նոր ռեստորան էին բացել: Խնդրեցին որեւէ դրական բան ասել: Ես, որպեսզի չվիրավորեմ նրանց, ասում եմ՝ դե այո, շենքը լավն է, կահույքը լավն է: Իսկ նրանք հարցնում են՝ իսկ սպասարկո՞ւմը: Ես ասում եմ՝ դե ինչ ասեմ ...Այդ պահին հենց մատուցողն է մտնում ափսեները ձեռքին: Նրա մեծ մատը ապուրի մեջ էր: Դուք դրանից հետո այդ ափսեից կուտեի՞ք»,- պատմեց Ռոբերտ Մինասյանը: