Հոկտեմբերի 4-ին կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը աշխատանքային այցով Երեւանում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձեւաչափով, ապա շարունակվել  պատվիրակությունների մասնակցությամբ:

Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել  երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ  բնագավառներում համագործակցությանը, զբոսաշրջության զարգացմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը,  արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացմանը:

Նրանք մտքեր են փոխանակել նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ:

Հայկական կողմի նախաձեռնությամբ անդրադարձ է կատարվել նաեւ վիրահայությանն առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես` կրթության եւ  հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող խնդիրների:

Հայ-վրացական մշակութային համագործակցության քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել մշակութային ոլորտում արձանագրված փոխանակումների ակտիվացման կապակցությամբ: Կարեւորվել է կուտակած դրական փորձի շարունակականության ապահովումը:

Նախարարների հանդիպմանը հետեւել է համատեղ մամուլի ասուլիս:

Գրիգոլ Վաշաձեն Վրաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ հանդես է եկել նաեւ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջեւ: