Մեկնարկել է ԵԽԽՎ հերթական՝ աշնանային նստաշրջանը: Այսօր՝ հոկտեմբերի 4-ին տեղի է ունենալու ԵԽԽՎ մոնիտորինգի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու է Հայաստանի՝ ԵԽ-ի առաջ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին բանաձեւի նախագիծը:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն իր հիմնական կազմով արդեն Ստրասբուրգում է: Նիստին, ըստ նախապես հայտարարվածի, մասնակցելու է նաեւ ԵԽ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: ՀՀ պատվիրակության անդամ, ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը վաղը՝ հոկտեմբերի 5-ին, հանդես է գալու զեկույցով, որը վերնագրված է «Ռասիզմ, օտարամոլություն եւ ծայրահեղականություն»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է NEWS.am-ը, հոկտեմբերի 1-ին ՀԱԿ-ը նամակ էր հղել ԵԽԽՎ երեւանյան գրասենյակին: Նամակում առաջարկվում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին՝ այսօրվա նիստում քննարկել ՀԱԿ ներկայացրած ժամանակացույցը, որում ներառված են հետեւյալ պահանջները՝ քաղաբանտարկյալների անհապաղ ազատ արձակում, Ա1+ հեռուստաընկերության վերաբացում, հանրահավաքների, երթերի ազատության ապահովում, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Նշենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը տեղի է ունենալու հոկտեմբերի 4-9-ը:



























