Հայաստանում 2015-ին համակարգիչների վրա տեղադրված ծրագրային ապահովման 86 տոկոսը եղել է ոչ լիցենզավորված։ Այս մասին ասված է Բիզնես Ծրագրային Ապահովման Ալյանսի՝ վերջերս իրականացրած «2016 Global Software Survey» ուսումնասիրության մեջ։

Ընդհանուր առմամբ, հետխորհրդային երկրներում ոչ լիցենզավորված ծրագրային ապահովման օգտագործումը նվազել է 1-6 տոկոսով։ Հայաստանի մակարդակն  ավելի բարձր է, է քան հարեւան երկրներինը։ Լավագույն արդյունքը գրանցել է Վրաստանը։

Համեմատության համար. Արեւմտյան Եվրոպայում ցանցահենության մակարդակը 28 տոկոս է։ Ռուսաստանում այն կազմում է  64 տոկոս, Լատվիայում՝ 49 տոկոս,  Լիտվայում՝ 51 տոկոս, Լեհաստանում՝ 48 տոկոս եւ Էստոնիայում՝ 42 տոկոս։

Համաձայն Բիզնես Ծրագրային Ապահովման Ալյանսի ուսումնասիրության 2015-ին ամբողջ աշխարհում համակարգիչների մեջ տեղադրված ծրագրային ապահովման 39 տոկոսը եղել է ոչ լիցենզավորված։ Համեմատած նախորդ տարվա տվյալների այդ ցուցանիշը կրճատվել է 4 տոկոսով։

Ըստ Microsoft-ի կիբերհանցագործությունների միջազգային կենտրոնի տվյալների անցյալ տարի ԱՊՀ երկրների օգտվողների 80 տոկոսը դարձել է կիբեր հարձակումների զոհ, իսկ փոքր եւ միջին բիզնեսի 97,5 տոկոսը, առնվազն մեկ անգամ ենթարկվել է կիբերսպառնալիքների։

Ցանցահենությանը դիմակայելու համար Microsoft-ը խորհուրդ է տալիս օգտատերերին օգտագործել միայն լիցենզավորված ծրագրային փաթեթներ, անցկացնել պարբերական սեմինարներ ընկերության անվտանգության վերաբերյալ, ինչպես նաեւ օգտագործել հատուկ ծրագրեր տվյալների ապահովման համար։