Հայոց ցեղասպանությունն արդեն քննարկելի թեմա չէ: Մամուլում, ակեդեմիական շրջանակներում ճնշող մեծամասնությունն այն կարծիքին է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է: Այս մասին, թուրքական Hurriyet-ի հետ զրույցում նշել է ամերիկյան հայտնի հակահայ պատմաբան Գյունտեր Լեւին, ով Հայոց ցեղասպանության ժխտման գրքի համար ստացել է «թուրք գործակալ» մականունը:
87-ամյա պատմաբանը նշել է, թե Հայոց ցեղասպանությունը ժխտող իր գիրքը հրատարակելու համար բավականին դժվարությունների է հանդիպել, քանի որ հրատարակչությունները իմանալով գրքի բովանդակության մասին, հրաժարվում էին տպագրել այն: «Վերջում Յուտահի համալասարանը համաձայնեց գիրքս հրատարակել, եւ այն 2005-ին լույս տեսավ»:
Թուրքամետ պրոֆեսորը հայտնել է, թե Հայոց ցեղասպանությունն արդեն քննարկելի թեմա չէ, քանի որ լրատվամիջոցները եւ ակադեմիական շրջանակների ճնշող մեծամասնությունը ընդունում է Հայոց ցեղասպանությունը, սակայն ինքը չի ընդունում այդ կարծիքը: «Այո, մեծ թվով սպանություններ են եղել, սակայն հարցն այն է, թե, արդյոք, նպատակ եղե՞լ է վերացնել ազգը: Կարծում եմ` այդպիսի նպատակ չի եղել»,-նշել է ամերիկացի պատմաբանը:
Նշենք, որ օրեր առաջ ամերիկյան SPLC իրավաբանական գրասենյակը ներողություն էր խնդրել թուրքամետ պատմաբան Գյունտեր Լեւիից, 2 տարի առաջ նրան թուրքական կառավարությունից գումարներ ստանալու եւ նրան «թուրք գործակալ» անվանելու համար:
Այնուհետ, Գյունտեր Լեւին Վաշինգտոնի «Թուրք-ամերիկյան կոալիցիա» կազմակերպության վաշինգտոնյան գրասենյակում մամուլի ասուլիս էր կազմակերպել` անդրադառնալով առաջիկայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու մեթոդներին: «2015-ի մոտենալուն պես, երբ լրանում է Ցեղասպանության 100-ամյակը, ես մեծ անհանգստության մեջ եմ: Հայկական թեզերի դեմ պայքարում առաջընթաց կա, սակայն անելու շատ բան է մնում»,-նշել է Գյունտեր Լեւին:
Հակահայ պատմաբանը, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում խոչընդոտ է համարել Թուրքիայում տխրահռչակ 301 հոդվածի առկայությունը, որը թույլ չի տալիս ազատորեն քննարկումներ կազմակերպել այդ թեմայով:





























