Եթե «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած օրինագիծը՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ, դրվի քվեարկության, ՀՅԴ խմբակցությունը ողջ կազմով կողմ կքվեարկի: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ ՀՅԴ-ն սկզբնապես դեմ էր տվյալ օրինագծին, քանի որ համարում էր, որ այդ խնդրի շուրջ պետք է համաձայնության գան երկրի օրենսդիր մարմնի բոլոր ներկայացուցիչները: «Դա այն փաստաթուղթը չէ, որին կարելի է դեմ քվեարկել եւ հեռանալ: Այդ փաստաթղթի քննարկման եւ քվեարկության ժամանակ խորհրդարանի սրահում պետք է ներկա լինեն անխտիր բոլոր պատգամավորները, անգամ նրանք, ովքեր տարբեր հիվանդություններ ունեն, նույնիսկ մահացածները»,- հայտարարել է Հովհաննիսյանը: Նա նշել է, որ այսօրվա քննարկումը դարձել է իշխանության անզիջումայնության հետեւանք, որը կացնի պես իրենն է առաջ մղում՝ հաշվի չառնելով ընդդիմության ձայնը:
«Այսօրվա քննարկումներից հնարավոր կլիներ խոսափել, եթե խորհրդարանական մեծամասնությունը «Ժառանգության» օրինագիծն ընդգկեր մեծ օրակարգում»,- ասել է Հովհաննիսյանը:
Նրա այս սռաջարկին սկզբունքորեն դեմ չէր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Իսկ Հովհաննիսյանի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներկայիս սահմաններով, Քոչարյանն այդպես էլ չպատասխանեց:
Նշենք, որ խորհրդարանն այսօր քննարկել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին «Ժառանգության» ներկայացրած օրինագիծը: ՀՅԴ-ն մինչ այդ հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ դեմ է «Ժառանգության» օրինագծին, բայց մյուս կողմից ԼՂ անկախությանը դեմ քվեարկելը սխալ կընկալվի հասարակության եւ միջազգային հանրության կողմից: Թե, ի՞նչն է պատճառը, որ ՀՅԴ-ն փոխել է իր դիրքորոշումը, հայտնի չէ:





























