Երեւանում հունիսի 25-ին կանցկացվի Seedstars Երեւան 2016 մրցույթը, որը նոր հնարավորություններ կառաջարկի սկսնակ ստարտափերին: Մրցույթների կազմակերպիչներն են «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»-ը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, IBM ինովացիոն լուծումների կենտրոնը:

«Միջոցառման ընթացքում 50 հայտադիմումներից ընտրել ենք 12 ստարտափեր, որոնք իրենց արտադրանքը մրցույթի օրը կներկայացնեն միջազգային եւ տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին: Հաղթողը կներկայացնի Հայաստանը Շվեյցարիայում կայանալիք մրցույթին: Տարեցտարի հետաքրքրությունը Seedstars Երեւանի նկատմամբ մեծանում է: Արդեն երրորդ անգամ անցկացվող մրցույթին ստարտափերը ներկայացնում են տարբեր ոլորտների նորարար լուծումներ` կրթական, առողջապահական, տուրիստական եւ այլն»,- այսօր` հունիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց կազմակերպիչներից, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Seedstars World-ի տարածաշրջանային ղեկավար Իգոր Օվչարենկոյի խոսքով` ինքը մեծ անկնկալիքներ ունի մրցույթից` հաշվի առնելով հանգամանքը, որ տարեցտարի այս ոլորտը Հայաստանում զարգանում է:

«Եթե համեմատենք տարածաշրջանային մյուս երկրների հետ, Վրաստանում իհարկե պոտենցիալ կա, սակայն այնտեղ Կառավարությունը ոչ մի կերպ չի աջակցում, ասում են` ինքներդ ներդրողներ գտեք: Ադրբեջանում մենք արդեն չորրորդ մրցույթն ենք կազմակերպել: Կարող ենք նշել, որ այնտեղ նախորդ տարի որակն այնտեղ ավելի բարձր էր, քան այս տարի»,- ասաց Իգոր Օվչարենկոն:

Բեթկոնստրակտ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վահե Բալուլյանն էլ նշեց, որ իրենք հովանավորում են այդ մրցույթը, քանի որ ստարտափերին աջակցելու մեծ ցանկություն ունեն` հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք առաջանում են հայկական ընկերությունների առջեւ:

«Մեր ընկերությունն իր առաջին քայլերը հենց Հայաստանում է արել, գիտենք` ինչքան դժվար է: Տարիներ անց մենք կարողացել ենք այլ երկրներում բացել մեր մասնաճյուղերը: Այժմ մենք ցանկանում ենք օգնել ստարտափերին` ներկայացնելու իրենց ծրագրերը, իսկ հետագայում` դուրս գալու միջազգային շուկա»,- ասաց նա:

Նշենք, որ նույն օրը կկազմակերպվի նաեւ IBM ISTC Startup Challenge-ի ավարտական ծրագրերը Դեմո օրը: 10-շաբաթյա մրցույթի Դեմո օրվա շրջանակում վեց թիմեր կներկայացնեն իրենց իրենց գաղափարները: Մրցույթի հաղթող երկու թիմերը կստանան 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական մրցանակներ: Թիմերից մեկը կստանա հատուկ մրցանակ` 120 հազար դոլարի կտրոն` IBM-ի ծառայություններից օգտվելու համար: