NEWS.am-ը ներկայացնում է մի հատված ԵԽԽՎ նիստում 2010թ. հոկտեմբերի 4-ին կայացած քննարկումներից:
Հուսեյնով. Եվրոպայի ապագան նրա միավորման մեջ է. նրանում, որ Եվրոպայի երկրները դառնան ավելի մոտ, իսկ նրանց միջեւ սահմաններն՝ ավելի թափանցիկ: Երկրների մերձեցման առաջնահերթ պայմանը տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հարգումն է: Եթե Եվրոպայի Խորհրդի անդամներից մեկը ցուցադրաբար չի հարգում վերոնշյալ կարեւոր սկզբունքը, չեք կարծո՞ւմ, որ դա սպառնալիք է ողջ Եվրոպայի համար: Ինչ վճռական քայլեր կարող է ձեռնարկել ԵԽ նախարարների կոմիտեն, որ վերջակետ դնի այդ անցանկալի իրավիճակին:
Նախագահող. Շնորհակալություն: Չե՞ք ցանկանում, պարոն Միլոշոսկի, պատասխանել հարցին:
Միլոշոսկի. Շնորհակալություն հարցի համար, պարոն Հուսեյնով: Նախ, ես կցանկանայի կրկին ընդգծել, որ խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորությունների վրա, որ նրանք ստանձնել են Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս: Նախարարների խորհուրդը մեծ ուշադրություն է դարձնում այդ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ առաջընթացի ձեռքբերմանը: Վստահ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է առաջ շարժվեն կոնկրետ, թեկուզ փոքր առաջընթացի հասնելու համար: Դա կնպաստի շփման զարգացմանը Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների միջեւ՝ ի շահ ողջ տարածաշրջանի:
Նշենք, որ Ռաֆայել Հուսեյնովը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ է, Անտոնիո Միլոշոսկին՝ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը:




























