Երեւանում Գերմանիայի դեսպանատանը հուլիսի 1-ին Եվրո 2016-ի Գերմանիա-Իտալիա քառորդ եզրափակիչ հանդիպման առթիվ ֆուտբոլային երեկո էր կազմակերպվել: NEWS.am-ի թղթակիցը ներկա է եղել երեկոյին եւ արձանագրել ամենահիշարժան պահերը:
Մուտքի մոտ ստանալով Գերմանիայի դրոշի գույներով թեւնոցները՝ մենք ներս ենք մտնում: Խաղի մեկնարկին դեռ ժամանակ կա, եւ հյուրերը նոր-նոր են սկսում հավաքվել:
Մեծ էկրանից հաղորդավարը պատմում է Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականների հանդիպումների պատմության մասին: Հավաքվածները, այդ թվում՝ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն, իհարկե, սպասում են Գերմանիայի հաղթանակին եւ գոլառատ հանդիպում ակնկալում: Վերջինս հատկապես ակնկալում էր դարպասի գրավում տեսնել Թոմաս Մյուլլերից, որն այս առաջնությունում դեռ աչքի չի ընկել: (Եվ ինչպես հետխաղյա 11-մետրանոց հարվածները ցույց տվեցին, այս հույսերը չարդարացան):
«Իհարկե, որպես դիվանագետ՝ ես կասեի, որ 4:4-ը օպտիմալ արդյունք կլինի: Բայց քանի որ մեկը պիտի հաղթի, մենք հուսով ենք, որ դա Գերմանիան կլինի: Բայց չմոռանանք, որ ես եւ՛ գերմանացի եմ, եւ՛ եվրոպացի: Եվ եթե հաղթի մեկ այլ եվրոպական թիմ, թեկուզ հենց Իտալիան, նույնպես լավ է: Կարծում եմ, պետք է հաղթի լավագույն թիմը»,- ասում է Գերմանիայի դեսպանը:
Այդ եվրոպական ոգու մասին են վկայում «հակառակորդ» Իտալիայի երկրպագուների ներկայությունը եւ խաղին ներկա Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլին: «Դիվանագիտական շարքում» նստած են նաեւ այլ դեսպանատների ներկայացուցիչներ:
Դիվանագիտորեն անցնելով մեկ շաբաթում Եվրո-2016-ը եւ Եվրամիությունը լքած Անգլիային՝ Գերմանիայի դեսպանն ասում է. «Իհարկե, Անգլիայի համար շատ ծանր շաբաթ դուրս եկավ: Չմոռանանք, որ Անգլիան մեծ Բրիտանիայի մի մասն է միայն: Բայց Ուելսը դեռ մնում է Եվրո-2016-ում: Թեպետ, բրիտանացի երկրպագուների համար դա մեծ մխիթարություն չէ»:
Խաղի մեկնարկից հետո մթնոլորտն ավելի է ակտիվանում: Գարեջուրն ու վառ երկրպագուները իսկական գերմանական շունչ են հաղորդում երեկոյին:
Վտանգավոր պահերին հույզերն ի հայտ են գալիս:
Հակագրոհների ժամանակ շունչները պահում են նաեւ դեսպանները:
Դժվար տրված հաղթանակից հետո փորձում ենք հասկանալ, թե կիսաեզրափակչում Գերմանիան որ հավաքականին կուզենար տեսնել որպես մրցակցի: «Մենք, իհարկե, առավել հաճույքով ականատես կլինեինք Գերմանիա-Ֆրանսիա դիմակայությանը: Բայց ինչպես Ուելսը առաջնությունից դուրս թողեց ֆավորիտ համարվող Բելգիային, ինչու՞ ոչ, կարող ենք ակնալել, որ Իսլանդիան իր հերթին մեկ այլ ֆավորիտի դուրս կթողնի: Մեզ համար կարեւորը կիսաեզրափակիչ հասնելն էր, իսկ թե ով կխաղա այնտեղ մեզ հետ, կարծում եմ, էական չէ»,- ասում է Մաթիաս Քիսլերը:
Նշենք, որ երկու հավաքականների հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով, հետխաղյա 11-մետրանոցներում ավելի դիպուկ էր Գերմանիայի ընտրանին, որն էր հաղթեց 5։4 հաշվով։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի




























