Նրանք, ովքեր նկարահանել են միջադեպը, որի ժամանակ սպան ստորացնում էր զինվորներին, այնուհետեւ այդ տեսանյութը տեղադրել են YouTube-ում, ըստ էության, հանցակից են տեղի ունեցածին: ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տարօրինակ հայտարարություն է արել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, այդ տեսանյութը նկարահանող մարդիկ, նստած են եղել զինվորներին ստորացնող սպայի կողքին, հանգիստ դիտել են եւ որեւէ քայլ չեն ձեռնարկել տեղի ունեցողը կանխելու համար: Նկատենք, սակայն, որ որեւէ քայլ ձեռնարկելը կարող էր շատ թանկ նստել գաղտնի նկարահանողների համար եւ Սեյրան Օհանյանը դա շատ լավ գիտի:
Անդրադառնալով իր նախկին հայտարարությանը, թե ինքը չի հավատում, որ հայկական բանակում նման բան կարող է տեղի ունենալ, Օհանյանն ասել է. «Այո, անկեղծ ասած, ես նախկինում չէի հավատում, բայց պարզվեց, որ դա ճշմարտություն է: Այդուհանդերձ, ես դեռ որոշակի կասկած ունեմ, որ այդ միջադեպը հատուկ է սարքվել եւ նկարահանվել»:
Նա հայտարարեց, որ բոլոր դեպքերում, այն ինչ նկարահանված է այդ տեսանյութում, շատ արատավոր է հայկական բանակի համար:
«Ինչ վերաբերում է այդ տեսանյութում զինվորներին ստորացնող սպային, նրա գործընկերների ցուցմունքների համաձայն, սթափ վիճակում նա շատ ճշտապահ հրամանատար է: Նա նաեւ մասնակցել է Ղարաբաղի ազատագրական պատերազմին: Բայց միեւնույն է, այդ սպան շատ խիստ պատժվելու է»,- հայտարարել է ՀՀ Պնախարարը:
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին YouTube-ում տեղադրվել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է մինչեւ գոտկատեղը մերկ սպան նվաստացնում զինվորներին, նրանց ականջների մեջ ջուր լցնում ու հարվածում:
Արդեն սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում Պնախարար Սեյրան Օհանյանն ընդգծել էր, որ չի հավատում այդ տեսագրությանը, որ հայկական բանակում նման դեպքեր են լինում: Օհանյանը հայտարարել էր, որ ներկայումս տեսագրությունը գտնվում է մասնագետների փորձաքննության ներքո: «Բայց եթե պարզվի, որ նման դեպք է եղել, նա ով դաժանաբար է վարվել զինվորների հետ, խստորեն պատժվելու է: Ցավոք, մենք դեռ այդ մարդուն չենք գտել»,- նշել էր Օհանյանն ու հավելել, որ խստորեն պատժվելու են այդ տեսագրությունները YouTube-ում տեղադրող անձինք:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայ զինվորների դեմ բռնություն կիրառող սպայի անունը Սասուն Գալստյան է: Նա մայորի կոչում ունի եւ «Եղնիկներ» զորամասում գումարտակի հրամանատարի տեղակալն է: Նրա դեմ գործ է հարուցվել ընդամենը «պաշտոնազանցություն» հոդվածով, որը ենթադրում է 2-5 տարվա ազատազրկում:




























