ԵԽԽՎ-ում փաստաթուղթ է ընդունվել, որը կոչ է անում Հայաստանին Ադրբեջանին վերադարձնել սպանված դիվերսանտների մարմինները: «Ադրբեջանցի զինծառայողների դիակների վերադարձի կարեւորությունը» անունը կրող փաստաթուղթը կազմված է որպես նամակ: Այն պատրաստել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւան:
«Հունիսի 18-ին Հայաստանի զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, գրոհել են Ադրբեջանի դիրքերի վրա: Հարձակման ժամանակ հայկական զինված ուժերի կողմից սպանվել է ենթասպա Մուբարիզ Իբրահիմովը, ում մարմինը հայկական կողմը հրաժարվում է հետ տալ, իսկ մի քանի օր առաջ սպանվածի նկարը տարածվել է ինտերնետում: Չնայած Ադրբեջանի եւ Կարմիր խաչի կոմիտեի ջանքերին` հայաստանյան իշխանությունները հրաժարվում են հետ վերադարձնել Իբրահիմովի դին:
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, գրոհել են Ադրբեջանի դիրքերի վրա: Հարձակման ժամանակ զոհվել է ադրբեջանցի սպա Ֆարիդ Ահմեդովը: Հայկական կողմը հրաժարվում է վերադարձնել նաեւ նրա դին»,- ասված է փաստաթղթում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մուբարիզ Իբրահիմովը սպանվել էր հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը, երբ Լեռնային Ղարաբաղի տարածք էր թափանցել ադրբեջանական զինված հետախուզական խումբը: Մարտի արդյունքում հայկական կողմը կորցրել էր 5 զինծառայողի, եւս 4-ը վիրավորվել էին: Ադրբեջանական կողմը նահանջել էր` մարտի դաշտում թողնելով մեկ սպանվածի: Իբրահիմովին Ադրբեջանի հերոսի կոչում էր տրվել:
Ֆարիդ Ահմեդովը եւս սպանվել էր հետախուզական-դիվերսիոն խմբի առաջխաղացման ժամանակ` 2010 թվականի սեպտեմբերի 4-ին:




























