NEWS.am–ի հետ զրույցում Yandex.Taxi-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը պատմել է, թե ինչպես է ընկերությունը պատրաստվում աշխատել Երեւանում, որտեղ արդեն գործունեություն է ծավալում հուլիսի 1-ից։ Ընկերությունը չի մրցակցելու տաքսիների հետ, այլ ավելի շուտ կօգնի նրանց մրցակցել պատվերների համար։ Երեւանի փողոցներում գրեթե ամեն 3-րդ մեքենան տաքսի է։ Բայց այստեղ բոլորին տեղ կբավականացնի, եւ դեռ մի բան էլ կմնա։ Գլխավորը ագահություն չանելն է, կարծում է Խուդավերդյանը։
Շատերն ասում են, որ Yandex.Taxi-ն երեւանյան շուկայից դուրս կմղի տեղացի տաքսիստներին, հատկապես անհատ աշխատողներին։ Բայց չէ՞ որ դուք ձեր տաքսու պարկը չունենք...
Տաքսու պարկ չունենք, մենք ունենք տեխնոլոգիա։ Դա ամեն ինչի հիմքում է։ Տեխնոլոգիան թույլ է տալիս տաքսի ծառայությունը մի քանի անգամ ավելի հարմարավետ, արագ եւ արդյունավետ դարձնել։ Առաջին հերթին դա հարմարավետ, շարժական հավելված է։ Ուղեւորը տեսնում է տաքսին, որը ժամանում է, տեսնում է տաքսիստի անունը եւ մեքենայի համարը, կարող է վճարել բանկային քարտով։ Եթե նա դժգոհ է մնացել՝ նրան կոպտել են կամ խաբել (օրինակ՝ վարորդը դիտմամբ երկարացրել է ճանապարհը), նա կարող է բողոք թողնել, որը կուղարկվի սպասարկման ծառայություն։ Եթե, օրինակ, բանկային քարտից սխալ գումար են հանել, ապա սպասարկման կենտրոն դիմելուց հետո անմիջապես այն հետ կվերադարձվի։ Այլ խոսքով ասած՝ դա համալիր ծառայություն է։ Սա առաջինը։
Երկրորդ. Yandex ընկերությունն ունի ԱՊՀ բոլոր երկրների մշտապես թարմացվող քարտեզը։ Դրանք ուղղակի ստատիկ քարտեզներ չեն, դրանք օնլայն քարտեզներ են, որոնցում մշտապես փոփոխություններ են տեղի ունենում, եւ որոնք անմիջապես հասանելի են դառնում օգտատերերին։ Դա ճանապարհային ցանց է, որն իրական ժամանակում ցույց է տալիս ճանապարհների վիճակը։ Ընտրելով ուղեւորին ամենամոտը գտնվող տաքսին՝ մենք այն տեղորոշում ենք ոչ թե քարտեզի վրա հեռավորությամբ (ուղիղ), այլ երթուղու իրական ժամանակում՝ հաշվի առնելով խցանումները։
Դրա համար պետք է ճշգրիտ օնլայն– երթուղայնացման տեխնոլոգիա ունենալ։ Այդ պատճառով Yandex.Taxi-ի գործարկման համար մենք ամբողջովին թարմացրել ենք Երեւանի քարտեզը։ Ընդ որում, այն նաեւ հետագայում է մշտապես թարմացվելու, այդ թվում՝ սովորական օգտատերերի ուժերով։ Իրական ժամանակում խցանումները պատկերող քարտեզներն ու նավիգատորը հասանելի են Հայաստանի բոլոր բնակիչներին եւ հյուրերին ու դրանք անվճար են։ Զբոսաշրջությունից սկսած՝ բիզնեսով վերջացրած՝ դա պետք է բոլորին։
Քարտեզին մենք դեռ կվերադառնանք։ Իսկ առայժմ՝ տաքսիստների մասին։ Ռուսաստանում դուք աշխատում եք միայն նրանց հետ, ովքեր արտոնագիր ունեն։ Նույնը նաեւ Հայաստանու՞մ է լինելու։
Այո, մենք միշտ առաջնորդվում ենք այդ սկզբունքով, որտեղ որ աշխատում ենք։ Եվ ուշադրություն դարձրեք ահա ինչին. պատվերների գրեթե կեսը մեզ մոտ վճարում են անկանխիկ։ Իսկ պետության համար կարեւոր է տեսնել գումարի շրջանառությունը։ Հայաստանում տաքսիների տուրքը շրջանառությունից կախված չէ, բայց կարծում եմ, որ պետությունը միեւնույնն է, կարեւորում է բիզնեսի ցանկացած ոլորտում շրջանառությունը տեսնելը։ Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, ապա մենք չենք աշխատում անհատ տաքսիստների հետ, այլ միայն տաքսու պարկերի եւ դիսպետչերանոցների հետ։ Որպեսզի անհատ տաքսիստը մեզնից պատվերներ ընդունի, նրա պետք է միանա դիսպետչերական ծառայությանը։
Տաքսու պարկերի եւ դիսպետչերանոցների հետ մեր բանակցություններում նշվում է, որ պարկը պարտավոր է ընդունել միայն արտոնագիր ունեցող վարորդների։ Մենք պարբերաբար դա ստուգում ենք։ Ինչ–որ տեղ ձեռքով, ինչ–որ տեղ ավտոմատացված համակարգով համեմատելով ռեեստրի հետ։ Այն փաստը, որ ծառայությանը միացած են շատ տաքսիների պարկեր եւ դիսպետչերական ծառայություններ, լրացուցիչ մրցակցություն է ստեղծում նրանց միջեւ լավ վարորդների համար։
Երեւանում տաքսիների անցած ճանապարհի 60-70 տոկոսը հաճախորդ գտնելու հույսով դատարկ պտույտներ են։ Որքանո՞վ դուք կարող եք կրճատել այդ ժամանակը։
Օրինակ, Մոսկայում պարապ պտույտները 15-20 տոկոսով պակասել են, եւ դա դեռ վերջնագիծը չէ։ Քանի որ տաքսիստը կարող է ավելի շատ պատվերներ կատարել ավելի քիչ ժամկետում՝ ծախսելով ավելի քիչ վառելիք։ Դա նշանակում է, որ պակասում է ամեն պատվերի ինքնարժեքը։ Դա էլ թույլ է տալիս աշխատել այն սակագնով, որը մենք նշել ենք (առաջին 2 կմ–ի համար 100 դրամ)։ Այո, մեկ պատվերից վաստակածը քիչ կլինի, բայց պատվերները կշատանան, ընդ որում, մի քանի անգամ։ Կհայտնվեն կարճ հեռավորություններով նոր պատվերներ, որոնք նախկինում չէին լինում։ Մոսկվայում, օրինակ, դրանք շատացել են երեւի թե 5 անգամ։ Տաքսին ոչ միայն էժան է դարձել, նրան սկսել են ավելի շատ վստահել։ Չէ՞ որ, ինչպես ես արդեն ասացի, հավելվածով հնարավոր կլինի տեսնել տաքսիստի անունը եւ մեքենայի համարը, որով նա գալիս է։ Ի դեպ, 60 հոգուց կազմված մեր սպասարկման մեծ ծառայությունը ավելի մեծ կդառնա, քանի որ այն արդեն աշխատում է նաեւ հայերեն։ Դիմումների 90 տոկոսը մենք մշակում ենք առաջին 2-3 ժամում։ Դիմումներն ամենատարբեր բնույթի են՝ սկսած մոռացած հեռախոսից մինչեւ վարորդի կոպտությունը։
Ի՞նչ կլինի, եթե տաքսիստները չհամաձայնեն աշխատել ձեր սակագնով։
Սկզբում պատվերները քիչ են լինելու, բայց դա հավի եւ ձվի պատմությունն է։ Պետք է ինչ–որ բանից սկսել։ Մենք գործընկերների հետ պայմանավորվում ենք հատուկ մարքեթինգային ժամկետների մասին, որի ժամանակ տաքսու պարկին, դիսպետչերանոցին (իսկ նշանակում է, վերջին հաշվով վարորդին) փոխհատուցում ենք այն կորուստները, որոնք նրանք կրում են սկզբում, ինչպես ցանկացած բիզնեսի մեջ։ Սովորաբար այդ ներդրումային շրջանը մեզ մոտ գրեթե կես տարի է տեւում։ Դա մեզ համար բարդ շրջան է լինելու։ Որպեսզի քաղաքում որակյալ ծառայություն մատուցվի, շատ վարորդներ են պետք։ Իսկ շատ վարորդներ ունենալու համար շատ պատվերներ են պետք։ Այդ պատճառով ներդրումների մեկնարկային պատնեշը այստեղ շատ բարձր է։ Բայց որոշ ժամանակ անց համակարգն ինքը կաշխատի։ Դա այսպես կոչված անվերջությամբ բազմապատկված զրոյի սկզբունքն է, երբ դու աշխատում ես ոչ թե մեկ պատվերի եկամտով, այլ դրանց քանակի։
Տաքսի ծառայությունների ներկայացուցիչները նշում են, որ Երեւանի համար առնվազն 4 հազար մեքենա է պետք, որպեսզի ագրեգատորը նորմալ աշխատի...
Ընդհանուր առմամբ ես համաձայն եմ նման գնահատականի հետ. ընդհանուր տաքսու պարկը 4 հազար է, որոնցից գծում միաժամանակ ընդամենը 1.5 հազարն են։ Բանն այն է, որ մենք Հայաստան ենք բերել ոչ միայն «Յանդեքս.Տաքսին», այլ նաեւ նավիգացիա, քարտեզներ եւ խցանումների պատկեր, տաքսու պարկի աշխատանքի համակարգման ծրագիր՝ «Յանդեքս. Տաքսոմետր»։ Վարորդն անմիջական կապ է հաստատում կենտրոնի հետ սմարթֆոնի օգնությամբ, առանց ռադիոկապի եւ զանգերի։ Դա մեծապես էժանացնում է գործընթացը եւ, ամենակարեւորը, արագացնում է այն։
Պե՞տք է արդյոք ձեր գործընկերները մեքենաներում քարտ–ռիդեր ունենան։
Մենք քարտ–ռիդերներով վճարումներ չենք ընդունում։ Վճարումներն ընդունվում են բջջային հավելվածներով։ Մի անգամ՝ գրանցման պահին, պետք կլինի նշել քարտի համարը։ Հետո, երթուղու ավարտին, դուք ուղղակի իջնում եք մեքենայից եւ գնում։ Գումարն ավտոմատ կերպով կհանվի, իսկ գումարի չափը կորոշվի տաքսոմետրով եւ կերեւա վարորդի պլանշետի ու պատվիրատուի հավելվածի վրա։ Եթե թյուրիմացություն է տեղի ունեցել, ապա ցանկացած պահի կարելի է գրել կամ զանգահարել սպասարկման կենտրոն։ Սխալ հանված գումարն անմիջապես վերադարձվում է։ Եվ իհարկե, այդ դեպքում մանրի հետ երբեք խնդիր չի առաջանում։
Մոտ մեկ տարի առաջ ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը քննարկում էր Yandex.Taxi-ի, Uber–ի եւ Gett –ի դեմ բողոքը, որը ներկայացրել էր Ռուսաստանի վարորդների ֆեդերացիան՝ հանդես գալով տաքսիստների անունից։ Բողոքը մերժվեց, բայց դուք Հայաստանում նման գործընթացներ սպասու՞մ եք։
Իրականում, ցավոք, մարդիկ, որոնք բողոքել են, ոչ մի կապ չունեն տաքսի–արդյունաբերության հետ։ Դրանք լոբբիստներ են, որոնք փորձում են իշխանության գալ, իսկ ցանկացած սկանդալային թեմա նման մարդկանց համար հնարավոր ցատկահարթակ է։ Բացի այդ, կա պատվիրատուների համար մրցակցություն, եւ ընկերությունները, որոնք չեն փոխում իրենց բիզնես մոդելը, կորցնում են շուկայի իրենց մասնաբաժինը։ Այդտեղից էլ առաջանում է լարվածությունը։
Մենք փորձում ենք տաքսու պարկերին հասցնել մրցակցության մեր մոդելը, իսկ պետությանը՝ նրա հասարակական շահը։ Մենք տաքսիների պատվերների, փողոցների ծանրաբեռնվածության վիճակագրություն ունենք։ Այդ տվյալները թույլ են տալիս ավելի լավ պլանավորել հասարակական տրանսպորտը։ Իսկ մարդկանց դա օգնում է ժամանակին տեղեկանալ խցանումների մասին եւ խուսափել դրանցից։ Մոսկվայում առանց խցանումների քարտեզի, առհասարակ անհնար է տեղաշարժվել։ Ոչ թե այն պատճառով, որ մարդիկ քաղաքը չգիտեն, այլ որովհետեւ երբեք չես գուշակի, թե խցանումը որտեղ կլինի։ Երեւանում, կարծում եմ, նույնպես կարեւոր է տեղեկացված լինել ճանապարհներին տիրող վիճակի մասին, որը արագ փոխվում է։
Ի դեպ, ինչու՞ եք ընտրել հենց Երեւանը, եթե ԱՊՀ-ում ավելի խոր եւ ունեւոր քաղաքներ կան:
Ինչու ոչ, նաեւ նրա համար, որ այստեղ եմ ծնվել: Մեկ այլ պատճառը շուկան է: Ի՞նչ է Երեւանը: Երեւանցիների համար տաքսին գրեթե հասարակական տրանսպորտ է: Եթե հաշվենք մեկ շնչին ընկնող պատվերների քանակը, ապա կարծում եմ՝ Երեւանը առաջ կանցնի շատ քաղաքներից, առավել եւս՝ Մոսկվայից: Մեր փորձը հուում է, որ, ուսումնասիրելով շուկան, պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն բնակչության թվին կամ մարդկանց միջին եկոամտին, այլեւ նրանց սովորույթներին: Իսկ Երեւանում տաքսի նստելը սովորույթ է:
Բայց կարելի՞ է շահույթ ակնկալել, եթե ստանալիքը 300-400 դրամանոց պատվերի 8-10% կոմիսիոն վճարն է:
Շատ քաղաքներում մենք մինիմալ պատվերից 0%-ական կոմիսիա ենք գանձում: Թող մի պատվերից մենք եւ գործընկեր տաքսին մի փոքր քիչ ստանանք, բայց թող պատվերները շատ լինեն: Եթե այդպիսի մոտեցում ես որդեգրում, վարորդին ձեռնտու կդառնան թե՛ կարճ (ու էժան), թե՛ երկար պատվերները:
Մեկ անգամ եւս՝ տաքսի ծառայությունների հետ դուք չեք մրցակցում…
Տաքսի ծառայություների հետ՝ ոչ: Մեր ընկերությունը չունի ոչ մի մեքենա, բացի երկու հատ Tesla մեքեայից: Նրանց մասնակցում են պրոմո-ակցիային, որով մենք ուզում ենք հանրահռչակել էլեկտրական մեքենաները: Տաքսի ծառայություջնները մրցակցելու են ոչ թե մեր, այլ՝ միմյանց հետ, բայց դրանից կշահեն թե՛ նրանք, թե՛ ուղեւորները:
Ձեր նավիգացիոն քարտեզն արդեն ընդգրկում է ամբո՞ղջ Երեւանը։
Քարտեզներն ու նավիգացիան ենթակառուցվածք է։ Երեւանում առհասարակ ընդհանուր առմամբ շատ լավ բջջային կապ կա, եւ GPS–ի հետ նույնպես խնդիրներ, ընդհանուր առմամբ, չկան։ Երկու խնդիր կա, որոնց մենք այստեղ բախվում ենք՝ շատ քիչ տաքսիստներ կան, որոնք սմարթֆոններ ունեն, եւ տաքսու պարկերը շատ քիչ են ավտոմատացված։ Մենք տաքսու պարկերին օգնում ենք այդ հարցում։ Եվ լավ քարտեզներ չկային։ Մենք լուծել ենք նաեւ այդ հարցը։ Մեր քարտեզի վրա Երեւանը գրեթե ամբողջությամբ պատկերված է՝ տների համարներով, ճանապարհների շրջադարձերով։ Պրոֆեսիոնալ քարտեզագիրները արբանյակային տվյալներով կազմում են հատակագիծը (մասշտաբը շատ հստակ է՝ 50 սմ), իսկ հետո հասարակ օգտվողները կարող են ինչ–որ բան ավելացնել կամ ուղղել, օրինակ, տան համարը (եթե դուք կարծում եք, որ մենք այն սխալ ենք գրել) կամ կարող եք ավելացնել տունը, օրինակ, մասնավոր սեկտորում, որը քարտեզի վրա կարող է չլինել։ Իսկ տեխնիկական թիմը հետեւում է, որպեսզի քարտեզը խուլիգանության զոհ չդառնա։
Քանի հատվածներում եք դուք արդեն հետեւում Երեւանի փողոցների վիճակին։
Ֆիքսված կետեր չկան, մենք հետեւում ենք ամենուր, որտեղ երթեւեկում են մեքենաները։ Եթե մեքենան օգտվում է «Յանդեքս.Նավիգատորից» կամ «Յանդեքս.Քարտեզից», նրա արագության եւ ուղղության մասին անդեմ տվյալներն ուղարկվում են ծառայությանը, իսկ բազմաթիվ նման ազդակներից կազմվում է խցանումների պատկերը։ Եթե մինչեւ լուսակիրը դեռ 50 մ կա, բայց դուք արդեն դանդաղեցնում եք ընթացքը, նշանակում է, որ այնտեղ փոքր խցանում է։ Մեր ծառայությունը ֆիքսում է եւ պոչի երկարությունից ու մեքենայի արագությունից կախված՝ փողոցի այդ հատվածը նշում է դեղին կամ կարմիր գույնով։ Բոլոր մեքենաները, որոնք կմիանան «Յանդեքս.Տաքսիին», կերթեւեկեն Յանդեքս.Նավիգատորով եւ կմասնակցեն խցանումների պատկերի ստեղծմանը։ Իսկ քանի որ մեքենաները քիչ չեն լինի, ապա պատկերը շատ ճշգրիտ կստացվի եւ օգտակար երեւանցիների համար։
Քանի՞ տաքսի ծառայություն է արդեն դարձել ձեր գործընկերը։
Մենք արդեն պայմանագրեր ունենք 11 տաքսի ծառայությունների հետ, որտեղ կա դեռ մոտ 250 մեքենա։ Այս փուլում դա վատ ցուցանիշ չէ։ Կարծում եմ, որ առաջիկա ամիսներին մենք կաճենք մինչեւ 1000 մեքենա։
Բացի «շախմատատախտակից», մեքենաները պետք է կրեն նաեւ «Յանդեքսի» լոգոտիպը՞։
Պարտադիր չէ։ Դա առանձին համաձայնագիր է, որով տաքսու պարկերը լրացուցիչ առավելություն կստանան մեր ապրանքանիշը տեղադրելու համար։
Կարո՞ղ են արդյոք ձեզ հետ աշխատող տաքսիները մարդկանց տեղափոխել այլ սակագներով։
Եթե նրանք պատվեր են կատարում Yandex.Taxi–ով, նրանք չեն կարող մեր առաջարկած առավելագույն սակագնից շատ վերցնել։ Մյուս ուղեւորներին տաքսիստները կարող են տեղափոխել ցանկացած գնով։





























