«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն արձագանքել է NEWS.am-ի հրապարակումների շարքին, որտեղ ներկայացվում է հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում կատարված զարհուրելի սպանությունը: Խոսքը գնում է ամուսնու եւ սկեսրոջ ծեծի ու բազմաթիվ խոշտանգումների արդյունքում մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մասին: Ստորեւ ներկայացնում են «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ի տարածած հայտարարությունը:

«NEWS.am-ի տրամադրած էլեկտրոնային http://news.am/arm/news/33152.html եւ վիդեո http://www.youtube.com/watch?v=RVUBPD2gdQY նյութերից պարզ է դառնում, թե ինչպիսի անմարդկային վերաբերմունքի է արժանացել Զարուհի Պետրոսյանը կյանքի օրոք եւ ինչ ահասարսուռ բռնությունների է ենթարկվել, որոնց արդյունքում էլ մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Ցավոք սրտի նման բռնությունները եզակի դեպքեր չեն մեր իրականությունում, եւ մասամբ հասարակության անտարբերությունն ու անառողջ վերաբերմունքը կարող են հանգեցնել նման անդառնալի կորուստների:

Որպես կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություն` կոչ ենք անում մարդու իրավունքներով զբաղվող բոլոր կազմակերպություններին, ոչ-անտարբեր մարդկանց, լրատվամիջոցներին, միջազգային կառույցներին աչալուրջ, օրենքի սահմաններում հետեւել այս դեպքի հետաքննության ընթացքին, ապահովել դեպքի կապակցությամբ հարուցված գործի հրապարակայնությունը եւ հասնել 20-ամյա երիտասարդ աղջկա սպանողների արդար դատապատժի կայացմանը:

Հակառակ դեպքում հասարակությունում կրկին կամրապնդվի այն կարծրատիպը, որ նման հանցագործությունները կրում են ներընտանեկան, կենցաղային բնույթ եւ արժանի չեն հասարակության եւ իրավապահ մարմինների ուշադրությանը:

Մեր լռությամբ մենք թույլ կտանք նմանատիպ դաժան «մարդկանց» արդարացնել իրենց հանցավոր գործողությունները եւ խուսափել օրենքով սահմանված պատժից: Այլ խոսքերով ասած` մենք կունենանք նորանոր անմեղ զոհեր:

Ուստի, բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել այս գործի կապակցությամբ հանդիպում-քննարկմանը, խնդրում ենք արձագանքեք այս նամակին հետեւյալ էլեկտրոնային հասցեով`[email protected]»: