News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Քրոջս ծեծելով սպանել են իր ամուսինն ու սկեսուրը, իսկ ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ ծածկադմբոց անի ու մեղավորները չպատժվեն»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդեց հոկտեմբերի 1-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի քույրը՝ Հասմիկ Պետրոսյանը: Նա մի զարհուրելի պատմություն պատմեց իր վաղամեռիկ քրոջ ամուսնական կյանքի մասին, ինչից պարզ դարձավ, որ 20-ամյա կինը մշտապես ծեծվել, նվաստացվել ու  խոշտանգվել է սկեսրոջ ու ամուսնու կողմից, իսկ պատճառը եղել է...փողը:

«Քույրս ամուսնացել է 2008-ի մարտին եւ հենց սկզբից նրա ու ամուսնու ընտանիքի անդամների հարաբերությունները լավ չէին. քրոջս անընդհատ ծեծում էին, այն աստիճան, որ քիթ ու բերանից արյուն էր գնում, ուշաթափվում ու ընկնում էր գետնին: Մի քանի անգամ եկել է իմ ու ամուսնուս տուն, մեջքն ամբողջովին կապտուկների մեջ: Հարցրել ենք՝ ի՞նչ է եղել, ասել է՝ կեսուրս է ժարովնիկով խփել մեջքիս»,-պատմում է Հասմիկը: Նրա խոսքով՝ քրոջն անընդհատ ծեծել են, պահանջելով, որ զանգի ու հարազատներից, մասնավորապես՝ քրոջ ամուսնու ընտանիքի անդամներից փող պահանջի՝ մեքենա գնելու համար:

«Քույրս, որպես երկկողմանի ծնողազուրկ, ամեն ամիս 70 հազար դրամ փող էր ստանում, եւ նաեւ կրթաթոշակ: Քանի որ ամուսինը սովորում էր Մասիսի քոլեջում որպես, այսպես ասած՝ «դզող-փչող», քույրս իր չորս ամսվա փողը հավաքել էր, որ ամուսնու ատեստատը վերցնեին: Բայց ամուսինը քրոջիցս թաքուն փողը տարել, մեքենա էր բերել ու անընդհատ ծեծում ու ստիպում էր, թե հարազատներիցդ փող ուզի, որ մեքենայի մնացած փողը տանք: Ու այդ ամեն ինչն իմ աչքի առաջ էր տեղի ունենում: Քրոջս ծեծում էին նույնիսկ հղի ժամանակ»,-հուզված պատմում էր Հասմիկը: Նա ասաց, որ մի քանի անգամ դիմել են Մասիսի ոստիկանություն, եւ Զարուհու ամուսինը՝ Յանիս Սարկիսովը, անգամ գրություն է տվել, որ եթե փորձի կնոջը նորից ծեծել, պատասխանատվության է ենթարկվելու:

«Ստացվեց այնպես, որ քույրս բաժանվեց ամուսնուց եւ եկավ ու մոտ երկու շաբաթ մեզ մոտ ապրեց: Ամեն օր ամուսինը զանգում ու սպառնում էր, որ եթե տուն չվերադառնաս, գալու եմ քեզ էլ, քրոջդ ընտանիքին էլ սպանեմ, կամ, եթե դուրս գաս, դրսում եմ սպանելու»,-շարունակեց պատմել Հասմիկը: Ի դեպ, Յանիսը, ըստ Հասմիկի պատմածի, հոխորտացել է, որ իր դեմ խաղ չկա, քանի որ իր մորաքրոջ տղան Էջմիածնում զինվորական գծով բարձր պաշտոն է զբաղեցնում: Նա նաեւ ասել է, որ  կինն էլ որբ աղջիկ է՝ ինչ ուզի հետը կանի, կուզի՝ կսպանի: «Իսկ վերջին անգամ, եկավ մեր տուն, բռնեց քրոջս ու մազերից քարշ տալով տարավ մինչեւ բենզալցակայան»,-ասաց մահացած կնոջ քույրը: Հասմիկի պատմածները հաստատեց նաեւ նրա սկեսուրը՝ Անահիտ Կարապետյանը, ով  մի քանի անգամ ականատես է եղել, թե ինչպես է Յանիսը ծեծել Զարուհուն, տեսել է նաեւ մարմնի վրայի կապտուկները:

Նույնը պատմեց նաեւ Բյուրեղավանի «Խնամքի եւ պաշտպանության» կենտրոնի տնօրեն Գայանե Մարգարյանը: (Այս կենտրոնի սաներն են եղել Հասմիկն եւ Զարուհին): Նա նշեց, որ մի քանի անգամ զրուցել է իր սանուհու հետ, իմանալու, թե ինչպես է ամուսնական կյանքն անցնում: Զարուհին բողոքել է, թե ամուսինն ու սկեսուրը օր ու արեւ չեն տալիս, ծեծում ու նվաստացնում են: «Զարուհին շատ խելոք, համեստ ու հանգիստ աղջիկ էր, ուղղակի 10-րդ դասարանում փախավ էդ տղայի՝ իր ամուսնու հետ: Մենք  անընդհատ կապ էինք պաշտպանում նրա հետ, անընդհատ այցելում էր մեզ: Իսկ երբ երեխան ծնվեց, ես ավելի հաճախ էի զանգում, հետաքրքրվում: Իսկ մոտ վեց-յոթ ամիս առաջ արդեն բողոքում էր, թե կյանքս լավ չի, անընդհատ ծեծ ու ջարդի մեջ եմ, ինձ ու երեխայիս ահ ու սարսափի մեջ են պահում: Իսկ 15 օր առաջ զանգեց, սկսեց լացել, թե մեր տունն  անընդհատ կռիվ է, սկեսուրս սենց, տեգրս սենց...ու այսպես շարունակ»,-ասաց տնօրենը:  

Զարուհու հարազատները պնդում են, որ երբ մահվանից առաջ հիվանդանոց է տեղափոխվել, մի քանի օր շարունակ տանը դաժան ծեծի է ենթարկվել, ինչին ականատես են եղել նաեւ հարեւանները, ովքեր, ի դեպ, այդ մասին ցուցմունք են տվել Մասիսի ոստիկանությունում: «Հարեւանները ցուցմունք են տվել, թե ինչպես են քրոջս մահվան օրը մտել նրանց տուն եւ տեսել, թե ինչպես են քրոջս քացու տակ գցել, ծնկներն ու մատները կոտրել, գլուխը ջարդել ու բերանը շոր մտցրել, որ արյունը կտրվի: Հետո հարեւաններից մեկը տղային ասել է, որ զանգի ու ոստիկանություն կանչի: Երբ սկեսուրն ու ամուսինն իմացել են, որ ոստիկանությունը պետք է գա, քրոջս ծեծված վիճակում գլորել են աստիճաններից ցած, նորից քարշ տվել տուն, որպեսզի ոստիկանությանն ասեն, թե աստիճաններից է գլորվել ու ջարդուփշուր եղել»:

Ի դեպ, մինչ ոստիկանությունը կժամանի՝ հարեւանները նրան Մասիսի հիվանդանոց են տեղափոխել, իսկ այդտեղից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել է: Ի դեպ, Զարուհին, ըստ նրա հարազատների պատմածի, երբ փորձել է օգնություն կանչել եւ զանգահարել քրոջ սկեսրոջը, ամուսինը բռնացրել է «հանցանքի» պահին ու կոտրել կնոջ մատները:

Ի դեպ, Հասմիկը պատմեց, որ երբ Մասիսի ոստիկանությունում ցուցմունք է տվել՝ պատմելով քրոջ ծեծի մասին, քննիչն անընդհատ հայտարարել է, թե իր պատմածները կաեւոր չեն, դա գործի հետ կապ չունի՝ փորձելով իր ձեւակերպմամբ՝ «սվաղել» գործը: Իսկ Հասմիկի սկեսուրը պատմեց, որ երբ ինքը բողոքել է քննիչի աշխատանքից,  իրեն ոստիկանության աշխատակիցները սաստել են, դուրս հրավիրել ու ասել. «Ցավում ենք, որ ձեր հարազատը մահացել է, իսկ իրենք էլ վիժվածքներ են»: Ի դեպ, Զարուհու ամուսինն էլ ցուցմունք է տվել, ասելով, թե «ես մեղք չունեմ, ընկել, մահացել է»: Զարուհու հարազատները ահազանգում են, որ ոստիկանությունը փորձում է գործը սվաղել, քանի որ Զարուհին «անտեր երեխա է»:    

Ոստիկանությունն ու Դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնը հակասո՞ւմ են իրար

Ուշագրավ է, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Զարուհի Պետրոսյանը հիվանդանոց է տեղափոխվել «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք`առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ: Նա, ըստ ոստիկանության, «հիվանդանոցում հայտնել է, որ գլխապտույտի հետեւանքով վայր է ընկել»: Հասմիկի պատմելով՝ քույրը մահացել է ժամը 1-ին, մինչդեռ, ըստ  ոստիկանության հաղորդագրության, նա մահացել է ժամը 3-ին:

Ի դեպ, ըստ Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի տեղեկանքի՝ Զարուհի Պետրոսյանը մահացել է «ծանր հեմոռագիկ շոկից, կրծքավանդակի եւ որովայնի համակցված փակ, բութ տրավմայից»: Տեղեկանքում չեն նշվել գանգուղեղի հեմատոմայի, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածքի եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումների մասին: Քննիչը Հասմիկին պատմել է, որ ինքը գիշերը ժամը 2-ին այցելել է Զարուհուն, ով ասել է, թե ընկել է աստիճաններից: «Քույրս ժամը 1-ին է մահացել, քննիչը ո՞նց է նրա հետ ժամը 2-ին խոսել»,-տարակուսում է Հասմիկը, ում, ի դեպ, երկար ժամանակ թույլ չեն տվել տեսակցել քրոջը: Բժիշկները Զարուհու մահվանից հետո Հասմիկին  պատմել են, որ Զարուհին իրենց խնդրել է՝ «ամուսնուս չդատեք»: Ի դեպ, Զարուհին մեկ ու կես տարեկան  դուստր ունի, որի գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ:

Հեղինե Մանուկյան

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Զարուհին (աջից) իր ազգակցականուհու հետ 2009 թ․

Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի տեղեկանքը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ