Գյումրեցի պատգամավոր, վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցած Սամվել Բալասանյանը քիչ առաջ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ:
Փոխնախագահի ընտրություններին մասնակցել է ԱԺ 131 պատգամավորներից 83-ը: Բալասանյանի օգտին քվեարկել են մասնակցած պատգամավորներից 74-ը: Դեմ են քվեարկել 6-ը:
Նշենք, որ այդ պաշտոնը կոալիցիոն պայմանավորվածությունների համաձայն տրվել է ԲՀԿ-ին: Օրերս, ԲՀԿ-ի որոշմամբ, այդ պաշտոնից հրաժարական տվեց Արեւիկ Պետրոսյանը, իսկ ԱԺ աշխատանքներն սկսելուց հետո այդ պաշտոնի համար առաջարկվեց միայն Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Գյումրիի գարեջրի գործարանի սեեփականատեր Սամվել Բալասանյանը, ով ժամանակին «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, ժամանակին հայտարարել էր, որ իր ճակատին «Օրինաց երկիր» է գրված: Սակայն ՕԵԿ-ի ընդդիմադիր դաշտ անցնելուց հետո, Սամվել Բալասանյանը դուրս եկավ այդ կուսակցությունից, այնուհետեւ անդամագրվեց ԲՀԿ-ին:




























