ԵԱՀԿ դաշտային առաքելությունը հոկտեմբերի 7-ին ժամանել է Լեռնային Ղարաբաղ։ ԼՂՀ մայրաքաղաքում նախատեսված է առաքելության անդամների հանդիպումը Բակո Սահակյանի հետ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Երեւանից ժամանել են Ղարաբաղ։ Երեւանում հոկտեմբերի 6-ին նրանք հանդիպումներ էին անցկացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Մինչեւ Երեւան ժամանելը դիվանագետները եղել են Բաքվում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, համանախագահները Հանրապետության ղեկավարի հետ խոսել են ղարաբաղյան հակամարտության գոտում դաշտային գնահատման առաքելության ծրագրի մասին, ներկայացրել Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները: Համանախագահները վերահաստատել են, որ դիտարկման հաջորդ փուլում ուսումնասիրության առարկա կդառնան Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքները: Նրանք շեշտել են, որ նաեւ կօգտագործեն առաջին իսկ հնարավորությունը` Նախիջեւանում այցելելու հիմնահատակ ավերված Ջուղայի գերեզմանոցը, որտեղ ոչնչացվել են հայկական տասնյակ հազարավոր հուշարձաններ` միջնդարյան եզակի խաչքարեր:


























