Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում ընտանիքի 4 անդամների սպանության գործով կան կասկածյալներ: NEWS.am-ի տեղեկություններով իրավապահներն այսօր` հուլիսի 11-ին, ձերբակալել են նույն գյուղից 3 երիտասարդների:
Ըստ նախնական տեղեկությունների, նրանք Քաչոտյանների տուն են մտել գողություն կատարելու նպատակով. իմացել են, որ ընտանիքի հայրը Ռուսաստանի Դաշնությւոնից գումար է ուղարկել: Ըստ նախնական տեղեկությունների, հանցագործները հուլիսի 10-ի երեկոյան լուսամուտից մտել են Քաչոտյանների տուն, տանտիրուհու դիմադրությանը հանդիպելով` բութ գործիքով հարվածել են նրա գլխին, այնուհետեւ, սպանել նրան եւ ընտանիքի մյուս անդամներին, այնուհետեւ հետքերը թաքցնելու համար հրդեհել տունը, որն ամբողջությամբ չի այրվել:
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվածների ինքնությունը դեռ չի հաղորդվում:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 7, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարեւանները հայտնաբերել են սպանված:
Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:
Նշենք, որ Վաչիանը Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, Վաչիանի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական սահմանը:
Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը ծխից մրոտված:
Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում է` արտագնա աշխատանքի:











