«Թող հայ-թուրքական սահմանը բացվի, իսկ իրենք ինչ ուզում են թող կառուցեն։ Կարս-Ախալքալակ երկաթգիծը մեզ համար մրցակից չէ»,- այսօր` հոկտեմբերի 7-ին  մամուլի ասուլիսում հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը։ Նրա խոսքով՝ Կարս-Ախուրյան տարբերակը տնտեսապես շատ ավելի շահավետ է բեռնափոխադրումների համար, քանի որ եւ ավելի կարճ է, եւ թողունակությունն է բարձր, եւ սակագները կլինեն ցածր։

Այսպես՝ Կարս-Ախալքալակ երկաթուղով առավելագույնը կարելի է բաց թողնել 6-8 վագոն, իսկ Կարս-Ախուրյան գծով՝ մինչեւ 3000 տոննա բեռ կարելի է անցկացնել։

Ըստ Շայդուլինի՝ Թուրքիայում կան ներդրողներ, որոնք շահագրգռված են Կարս-Ախուրյան երկաթգծի շահագործմամբ, եւ պատրաստ են ներդրումներ կատարել լոգիստիկ համակարգը կարգի բերելու համար։ Սակայն այս պահին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրենը տեղեկություններ չուներ, թե թուրքական կողմում ինչ աշխատանքներ են կատարված։ Ինչ վերաբերում է սահմանամեձ Ախուրյան կայարանին, ապա այնտեղ լոգիստիկ կենտրոնը համարյա թե պատրաստ է գնացքների սպասարկման համար:

«Եվրոպայից Ասիա կարճագույն ճանապարհը Հայաստանի միջով է, ինչը թույլ է տալիս տրանզիտային երկիր դառնալ»,- հայտարարեց Շայդուլինը։