Այսօր` հոկտեմբերի 7-ին NEWS.am-ը հնարավորություն ունեցավ «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինին փոխանցել ցորեն ներկրող կազմակերպությունների բողոքը՝ երկաթուղու գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես՝ «Մանչո գրուպ» ընկերության նախագահ Վանիկ Մուսոյանը NEWS.am-ին ասել էր, որ երկաթուղու տնօրինությունը պատասխանատվություն չի կրում վագոնների վրայից կնիքների անհետացման կամ վնասման համար։ Յուրաքանչյուր կնիքի վնասման դեպքում, ներկրողները տուգանվում են 100 հազ. դրամով (275 դոլար), սակայն հնարավորություն չունեն հետեւելու գնացքի երթեւեկությանը։
ՀԿԵ գլխավոր տնօրենին այս հարցը բավական նյարդայնացրեց, նա հայտարարեց, որ ներկրողների կողմից ոչ մի բողոք չի ստացել, եւ եթե այդպիսիք կան՝ «բերեք ինձ մոտ»։ Նրա տեղեկացմամբ՝ ցորենի ներկրումը 2010 թ. 9 ամիսներին 20 տոկոսով ավելացել է, իսկ տուգանքներ լինում են միայն «պրեյսկուրանտների անհամապատասխանության պատճառով»։ Եւ ընդհանրապես, ըստ Շայդուլինի, ներկրողները ՀԿԵ-ի կերակրողներն են եւ խելամիտ չէր լինի կերակրող ձեռքը վնասել։





























