ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ եւ քննարկել տնտեսական համագործակցության ընդլայնման խնդիրները:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ պետությունների միջեւ հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը դիմել է Էսհաղ Ջահանգիրիին՝  Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու հարցով,  քանի որ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի  վնասված հատվածներում վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հուլիսի 10-ից օգոստոսի 10-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Իրանական կողմը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին:

Հովիկ Աբրահամյանը եւ Էսհաղ Ջահանգիրին անդրադարձ են կատարել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: