Թուրքական զինվորականությունը հայտարարել է Էրդողանին տապալելու եւ երկրում վերահսկողություն հաստատելու մասին: Այս մասին գրում է բրիտանական Telegraph-ը:

NTV հեռուստաալիքով տարածած հայտարարությունում զինվորականները նշել են, որ օրենքի գերակայությունն առաջնահերթություն է:

«Երկրում իշխանությունն ամբողջությամբ գրավված է»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի փակման մասին: Շենքի առջեւ տանկեր կան: Որոշ հաղորդագրությունների համաձայն՝ թուրքական հանրային հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը:

Ավելի վաղ թուրքական ոստիկանությունը փակել էր նաեւ Ստամբուլի ասիական հատվածը եվրոպականին կապող Բոսֆորի նեղուցի կամուրջը: Միաժամանակ, Անկարայում ցածր բարձրությամբ ռազմական օդանավեր են պտտվում երկնքում:

Թուրքական որոշ լրատվամիջոցներ էլ հաղորդում էին Անկարայում Թուրքիայի գլխավոր շտաբի հարեւանությամբ փոխհրաձգության մասին: