Ադրբեջանի արտգործնախարարությունը ի զորու չէ հերքել այն փաստը, որ այն ինչ անում է այդ երկիրը, բնորոշ է ահաբեկիչներին: Նման տեսակետ է հայտնել Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով գերի ընկած հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ Ադրբեջանի տված մեկնաբանություններին:

«Պարոն Պոլուխովի Մանվել Սարիբեկյանի դաժան սպանությունը արդարացնելուն ուղղված հուսահատ ճիգերը եւ անհեթեթ խոսքերը սնվում են նրանից, որ դեռեւս Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Ադրբեջանի եւ Արցախի այլ բնակավայրերի խաղաղ պայմաններում անմեղ բնակչության ջարդերի կազմակերպիչներն անպատիժ են մնացել: Այն հանցագործներն էլ, որոնք բանտարկված էին, Ադրբեջանի անկախությունից անմիջապես հետո ազատ արձակվեցին եւ հերոսացվեցին ու մեծարվեցին:

Այդ անպատժելիությունից ոգեւորված Ադրբեջանի իշխանությունները գնացին ավելի հեռու` էթնիկ զտումների, միջազգային ահաբեկչական ցանցերի գրոհայիններին օգտագործելով, լայնածավալ ագրեսիա ծավալեցին Հայաստանի ու Արցախի դեմ:

Այսօր էլ Ադրբեջանը իրեն անպատժելի է զգում եւ հենց այդ պատճառով շարունակում է իրականացնել եւ ծրագրել նոր ոճրագործություններ»,- հայտարարել է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտարարում է, որ Մանվել Սարիբեկյանն իբր դիվերսանտ է եւ ինքնասպան է եղել գերության մեջ, այնինչ հայկական կողմը վստահ է, որ նրան պարզապես խոշտանգելով սպանել են: