Եթե հետաքննության ընթացքում պարզվի, որ «Եղնիկներ» զորամասում տեղի ունեցած միջադեպը նկարահանած սպայի գործողություններում հանցակազմ հայտնաբերվիի, նրանք կպատժվեն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը։

«Եթե պարզվի, որ YouTube-ի տեսահոլովակի «հեղինակները» իրենց գործողություներով նպատակ են հետապնդել վնաս հասցնել բանակին, ապա նրանք օրենքի ամբողջ խստությամբ կպատժվեն։ Եթե նրանց գործողություններում հանցակազմ չհայտնաբերվի, նրանք չեն պատժվի»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ ՀՀ զինված ուժերում վերջերս տեղի ունեցած բոլոր միջադեպերի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։ Նա նաեւ հայտնեց, մոտ ժամանակներս կհրապարակվի այն սպայի հանդեպ մեղադրական վճիռը, ով հարվածել էր զինծառայողին, ով ընկել էր եւ գլուխը խփելով նստարանին՝ մահացել։

Նշենք, որ  Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչ, նախագահի խորհրդական Միքայել Հարությունյանը ավելի վաղ «Ազատություն» ռադիակայանին հայտնել էր, որ  միջադեպը նկարահանած եւ ինտերնետում տեղադրած անձանց գործողություններում հանցակազմ չի տեսնում։