Ադրբեջանի իշխանությունները դեռեւս չեն թույլատրել Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների այցելությունը Բաքու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` հավելելով, որ կուսակցության պատվիրակության մասնակցության հարցը հոկտեմբերի 11-12-ին Բաքվում կայանալիք Սոցինտեռնի՝ ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւծովյան հանձնախմբի ժողովին, պարզ կլինի այսօր:
«Մենք որոշել ենք գնալ, մնում է, որ իրենք անհրաժեշտն անեն, որպեսզի տոմսը վաճառվի մեզ»,-ասաց Մանոյանը` հավելելով, որ Սոցինտեռնը իրենց հաղորդել է, թե այդ հարցը վերջնականապես պարզ կլինի այսօր:
Նշենք, որ ՀՅԴ պատվիրակության մասնակցություննը կասկածի տակ է, քանի որ Թբիլիսիից Բաքու թռիչքի համար անհրաժեշտ ավիատոմսերը դաշնակցության ներկայացուցիչներին վաճառելու համար, «ԱԶԱԼ» ադրբեջանական ավիաուղիների Թբիլիսիի գրասենյակը պահանջել է համաձայնություն՝ ադրբեջանական դեսպանատնից կամ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից:
Հարցին, թե արդյո՞ք երաշխավորված է լինելու դաշնակցականների անվտանգությունը Բաքվում, Մանոյանն ասաց, որ Սոցինտեռնն այն ապահովել է:
Սոցինտեռնի ժողովին մեկնող ՀՅԴ-ի պատվիրակություն կազմում ընդգրկված են ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:





























