«Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը մասնակցելու նպատակով հոկտեմբերի 8-10-ը Երեւանում է գտնվում Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Բայդակովի գլխավորած պատվիրակությունը. բարձրաստիճան հյուրերը Երեւան են ժամանել քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով։ NEWS.am-ին այս մասին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Մինչ այդ, հոկտեմբերի 9-ին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ընդունել է  մոսկովյան պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ կողմերի միջեւ քննարկվել են Մոսկվայի եւ Երեւանի 2008-2011թթ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպման վերջում, պատասխանելով  Մոսկվայի եւ Երեւանի միջեւ կնքված պայմանագրերի կատարման ընթացքին վերաբերող հարցերին, Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Բայդակովը նշել է, որ Երեւանը Մոսկվայի հուսալի գործընկերներից է եւ հավաստիացրել, որ Երեւանի հետ կնքված բոլոր համաձայնագրերն ուժի մեջ են: Նա Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Վլադիմիր Ռեսինի եւ Մոսկվայի կառավարության անունից հայտնել է, որ երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցությունը շարունակական կլինի։

Սերգեյ Բայդակովը ասել է, որ Մոսկվայի պատվիրակությունը մեծ սիրով է ժամանել Երեւան: Նա շնորհավորել է Երեւանի օրվա կապակցությամբ՝ ավելացնելով, որ քաղաքի զարգացումն ակնհայտ է: