ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը կարող է առեւտրի եւ ներդրումների զարգացման հզոր ազդակ հանդիսանալ: Այդ մասին «ԱզերՏաջ»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա հիշեցրել է, որ արդեն աշխատանքն է սկսել համատեղ հետազոտական խումբը, որը մանրամասն կուսումնասիրի ԵՏՄ-ի եւ ԻԻՀ-ի միջեւ հնարավոր համաձայնագրի պարամետրերը:
Նրա խոսքով, Մոսկվան հետաքրքրված է Թեհրանի հետ տարածաշրջանային հարցերում գործընկերության ամրապնդմամբ եւ դրանում «Կենտրոնական Ասիայից մինչեւ Կասպից գոտի եւ մինչեւ Մերձավոր Արեւելք ընկած ընդարձակ տարածքում կայունությանը եւ անվտանգությանը աջակցող կարեւոր գործոն» է տեսնում: «Հետագայում էլ կաջակցենք Իրանի` ՇՀԿ-ի անդամ դառնալու ձգտմանը», - հավելել է նա:
Նա հայտնել է, որ Իրանը Ռուսաստանի վաղեմի գործընկերն է` նշելով, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության ձեռք բերումից հետո այդ երկրի շուրջ լարվածության նվազումը օգտակար կլինի երկկողմ կապերի համար:





























