Հայաստանը Սլովենիայի հետ համագործակցությունը դիտարկում է Եվրոպայի հետ հարաբերությունների համատեքստում, Երեւանում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրքի հետ համատեղ ասուլիսում:
Նրա խոսքով, սլովեն գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցեր, նաեւ վերջին գործընթացները տարածաշրջանում: «Մենք նաեւ շեշտադրում ենք արել միջազգային կառույցներում երկկողմ համագործակցության հարցերի վրա»,- մանրամասնել է նախագահը: Սերժ Սարգսյանը նկատել է, որ առ այսօր հայ-սլովենական հարաբերություններն առանձնակի դինամիկայով աչքի չեն ընկել: «Եւ դա զարմանալի չէ, քանի որ երկու պետություններն էլ անկախությունից հետո շեշտը դրել են իրենց խնդիրների լուծման վրա»,- ասել է նախագահը:
Սերժ Սարգսյանը հեռանկարային է համարել հումանիտար ոլորտում համագործակցությունը, որին կարող է նպաստել այսօր ստորագրված համաձայնագիրը գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում համագործակցության մասին: Կարեւոր նշանակություն ունի նաեւ համագործակցությունը առեւտրա-տնտեսական ոլորտում: «Ժամանակակից աշխարհում տնտեսական համագործակցությունը հիմնարար դեր ունի, ու այն հաճախ քաղաքական համագործակցության հիմք է ծառայում»,- ասել է նախագահը՝ ընդգծելով որ Հայաստանը տպավորված է Սլովենիայի տնտեսական ցուցանիշներով: Սարգսյանը կարեւոր է համարել սլովենական տնտեսական փորձի ներդրումը մեր երկրում:
Նկատենք, որ Դանիլո Թյիրքը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով, որի շրջանակներում կայանալու է հայ-սլովենական գործարար համաժողով: Թյիրքին ուղեկցում են սլովեն 355 առաջատար գործարարներ:




























