Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սլովենիայի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում Երեւան ժամանած իր սլովեն գործընկեր Սամուել Ժբոգարի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանն ասել է. «Երկկողմ հարաբերությունների պատմության մեջ Սլովենիայի նախագահի առաջին այցելությունը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ համագործակցությանը եւ այսօր ստորագրված համաձայնագրերը, ինչպես նաեւ Նախագահ Թյիրկի այցելության շրջանակներում կայանալիք ներկայացուցչական գործարար համաժողովը փոխգործակցության նոր փուլի առաջին քայլերն են»:

Նախարարները շարունակել են սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում ունեցած քննարկումները հայ-սլովենական օրակարգի հարցերի շուրջ, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն ու Սամուել Ժբոգարն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին եւ տարեվերջին կայանալիք Արեւելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Հանդիպումից առաջ նախարարներ Նալբանդյանն ու Ժբոգարը բացել են հայ-սլովենական գործարար համաժողովը, որին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել շուրջ հինգ տասնյակ սլովեն գործարար: