Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ կամուրջ չի կառուցվել, որովհետեւ Հայաստանի կառավարությունը, ինչպես միշտ, դանդաղ է գործում: Այդ մասին օգոստոսի 17-ին մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով, եվրոպացիները Հայաստանից առաջ են ընկել: «Մենք հետ ենք մնում: Բայց եթե կարողանանք լուծել վիզաների ազատականացման եւ Իրան արտահանվող հայկական ապրանքների համար մաքսատուրքերի նվազեցման հարցը, դա կուժեղացնի մեր դիրքերը: Հայաստանը պետք է բանակցություններ վարի իրանական կողմի հետ, որպեսզի հայկական ապրանքները Իրան արտահանման բացառիկ հնարավորություններ ունենան, ինչպես, օրինակ, եվրոպական երկրների հետ Հայաստանի համար գործում է GSP+ ռեժիմը», - նշել է Մակարյանը:
Նրա տեսանկյունից, եթե Իրանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը կարողացել են միավորվել, ուրեմն Հայաստանը համապատասխան դիվանագիտական տեղեկատվության չի տիրապետել: «Մենք ցույց տվեցինք, որ դարձյալ դիվանագիտություն չենք կիրառել: Իսկ այստեղ անհրաժեշտ էր հենց դիվանագիտական լեզու կիրառել», - ընդգծել է Գագիկ Մակարյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Բաքվում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողով է տեղի ունեցել, որի ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ:





























