Հայաստանում հոկտեմբերին տեղի կունենա շատ կարեւոր համաժողով. մեր երկիր կայցելի Լեհաստանի Գործատուների միության ղեկավար Անջեյ Մարինովսկին: Այդ մասին օգոստոսի 17-ին հայտնել է Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով, Մարինովսկին 2002 – 2004 թվականներին Լեհաստանի էկոնոմիկայի նախարարն է եղել եւ կարեւորագույն բարեփոխումների հեղինակ է: Մակարյանի խոսքով, նա կարող է մի շարք գործատուների ուղարկել Հայաստան: «Բացի այդ, գոյություն ունի 15 երկրի Գործատուների միություն, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը, Լիտվան, Լատվիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Բուլղարիան, Ռումինիան, Լեհաստանը եւ այլն: Ինձ այդ խորհրդի նախագահ են ընտրել եւ 2017-ին դրա նիստը տեղի կունենա Հայաստանում: 15 երկրի գործատուների միությունների ղեկավարներ Հայաստան կայցելեն», - նշել է Գագիկ Մակարյանը:
Հոկտեմբերի 13 – 16-ին, շարունակել է նա, երեւանյան Էքսպոկենտրոնում տեղի կունենա պաշտպանության գծով «HighTec Expo», որին կմասնակցեն ՀԱՊԿ-ի անդամ երկրները: «Դա միջազգային հարթակ կլինի ՀԱՊԿ-ի երկրներում, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում ժամանակակից ռազմական տեխնիկայի արտադրության հետ կապված փորձի եւ տեղեկատվության փոխանակման տեսանկյունից», - ընդգծել է Գագիկ Մակարյանը:
Հոկտեմբերի 5 – 7-ին, նրա խոսքով, Երեւանում տեղի կունենա հայ-իրանական համաժողով, որին կմասնակցեն Իրանի շատ ընկերությունների ներկայացուցիչներ: «Սեպտեմբերի 19 – 21-ին Երեւանում տեղի կունենա երկրորդ ցուցահանդեսը «Made in Armenia» անվանումով, որը եւս կնպաստի հանրապետության տնտեսության մեջ ներդրումներին», - հավելել է Մակարյանը:




























