Ռուսաստանը դադարեցրել է իրանական Համադանի ավիաբազայի օգտագործումը՝ Սիրիայում օդային գործողությունների շրջանակներում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քեսամին, հաղորդում է Tasnim գործակալությունը:
Քեսամիի խոսքով, գրոհայիններին օդային հարվածներ հասցնելու նպատակով Համադանի ավիաբազայի օգտագործումն «այս փուլում ավարտված է»:
Ռուսական Տու-22Մ3 եւ Սու-24 օդանավերը Իրանի օդուժին պատկանող Համադանի ավիաբազայում հայտնվել են մինչեւ այս տարվա օգոստոսի 15-ը: Օգոստոսի 16-ին ռուսական օդանավերն արդեն առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում գրոհայինների դիրքերին:
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը օգոստոսի 20-ին հայտարարել է, որ ռուսական ռմբակոծիչները ավիաբազան օգտագործում են «փոխադարձ համագործակցության եւ ահաբեկիչների դեմ պայքարի շրջանակներում»: Նա հավելել է, որ Թեհրանը չի նախատեսում այլ ավիաբազաներ տրամադրել ռուսական օդանավերի համար, սակայն նման անհրաժեշտության դեպքում հարցը կքննարկվի:





























