ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների օրերս կատարած  Դաշտային առաքելությունը Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներ, էականորեն չտարբերվեց  2005 թվականի նմանատիպ այցելությունից: Հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ, պատմաբան Ալեքսանդր Քանանյանը` հավելելով, որ համանախագահների երթուղին եւ բնակչությանն ուղղված հարցերը նույնն են եղել, ինչ 2005-ին:

«Դաշտային առաքելության ընթացքում համանախագահները մի կողմից համոզվել են, որ ներկայիս իշխանությունը չի կարողացել  իրականացնել լիարժեք եւ ռազմավարական վերաբնակեցում, մյուսի կողմից եւս մեկ անգամ առիթ են ունեցել տեսնել, որ տարածքը հայ մարդու կողմից այս կամ այն չափով արդեն յուրացված է եւ որ այդ տարածքներում առկա է հողից ամուր կառչած բնակչություն»,- ասաց քաղաքագետն` ընդգծելով, որ Հայաստանում եւ ԼՂՀ-ում  գնալով ամրանում է այն համոզմունքը, որ ներկայիս հրադադարի գիծը հայկական կողմից հանդիսանում է առավելագույն փոխզիջումն Ադրբեջանի համար:

Քանանյանի համոզմամբ, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ձգձվելու է տարիներ, քանի դեռ հայկական կողմն այդ գործընթացին փոփոխություն եւ այլ բովանդակություն չի հաղորդի:

« Դա հնարավոր է նորմալ իշխանություն ունենալու պարագայում: Եթե Սերժ Սարգսյանի պես անձին վիճակված է եւս որոշ տարիներ կառաավարելու, կամ եթե նրան  փոխարինի իրենից գաղափարապես եւ հայեցակարգային առումով որեւէ տարբերություն չունեցող ներկայիս ընդդիմությունը, ապա այսպիսի այցերը դեռեւս շատ երկար կարող են կրկնվել»,-ասաց քաղաքագետը` հավաստիացնելով, որ համանախագահների այցելությունը որեւե լուրջ հետեւանք չի թողնի:

Նշենք, որ երեկ ավարտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Դաշտային առաքելությունը Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում եղել են Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի, Զանգելանի, Լաչինի եւ Քելբաջարի շրջաններում եւ  հանդիպել տեղի բնակչության հետ: