Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու գործընթաց սկսելը ժամանակավրեպ է, քանի որ դրանով կխաթարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացվող բանակցային գործընթացը։ Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը։
Նրա խոսոքով, Հայաստանը դե ֆակտո արդեն իսկ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ «Խնդիրը միշտ դե յուրե ճանաչման մեջ է եղել։ Բայց ես չեմ հիշում մի երկիր, որը այս կամ այն պետության անկախությունը կճանաչի ինչ-ինչ օրինագծով։ Դա այդ երկրների նախագահների գործն է»,- ասաց Ավագյանը։
Անդրադառնալով բանակում կատարված վերջին ողբերգական դեպքերին եւ այն դիտարկմանը, թե Հանրապետականն ինչո՞ւ ոչ մի կերպ չարձագանքեց դրանց՝ Կարեն Ավագյանն ասաց. «Արձագանքելու բան չկա։ Բանակը հասարակության մի մասն է եւ չի կարող նրանից կտրված օազիս լինել։ Զինված ուժերում, իհարկե, խնդիրներ կան, սակայն բանակի ղեկավարությունն իր առջեւ խնդիր է դրել վերացնել դրանք։ Դրա մեջ ամենաշահագրգիռ մարդը հենց Պաշտպանության նախարարն է։ Բայց գոյություն ունեցող խնդիրները ժամանակ առ ժամանակ ծայրահեղացվում են։ Այնինչ, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում չպետք է նման խոսակցություններով թուլացնել բանակը»,- ամփոփեց ՀՀԿ-ական պատգամավորը։




























