Եվրասիական միության երկրների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման հեռանկարի մասին զեկույցը միության անդամ պետությունների ղեկավարներին կներկայացվի մինչեւ  2016 թվականի վերջը, այդ ժամանակ էլ կարող է որոշում ընդունվել տվյալ հարցի վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին https://ria.ru/  տված հարցազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան: 

«Առայժմ Իրանի հետ շարունակում ենք խորհրդակցությունները ապրանքների սահմանափակ քանակի ազատ առեւտրի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի կնքման հնարավորության մասին: Այդ համաձայնագիրը պետք է հանգեցնի լայնաձեւաչափային ԱԱԳ-ի ստեղծման, որը կհամապատասխանի ԱՀԿ-ի պահանջներին, երբ Իրանը կազմակերպության լիիրավ անդամ դառնա», — պատմել է նա:

Նախարարի խոսքով, ԵՏՀ-ն զուգահեռաբար համատեղ հետազոտություն է անցկացնում ազատ առեւտրի վերաբերյալ համընդգրկուն համաձայնագրի կնքման հեռանկարների վերաբերյալ:  «Մենք նման երկփուլանի մոտեցում էինք ընտրել` հաշվի առնելով Իրանի, որպես առեւտրական գործընկերոջ առանձնահատկությունները: Դա թույլ է տալիս այնպիսի գործիքներ առաջարկել, որոնց օգնությամբ միության երկրների արտահանողները   «վաղ բերք» կստանան փոխադարձ առեւտրի պարզեցումից: Այժմ մենք ջանքերը կենտրոնացնում ենք փոխադարձ արտահանման հետաքրքրություն ներկայացնող ապրանքների ցանկը կազմելու  եւ Իրանի ոչ սակագնային կարգավորման ուսումնասիրման վրա: Եթե այդ հարցը չկարգավորվի, հնարավոր է հայտնվել այնպիսի վիճակում, երբ սակագներում բոլոր շահումներն անէական կլինեն. մուտքը դեպի շուկա չի հեշտանա», — նշել է Նիկիշինան:

«Տարվա վերջին մենք մտադիր ենք միության անդամ պետությունների ղեկավարներին ներկայացնել այդ աշխատանքները եւ այդ ժամանակ կարող է որոշում ընդունվել Իրանի հետ համապատասխան համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին», — հավելել է գործակալության զրուցակիցը:

Միաժամանակ նա նշել է, որ Եգիպտոսի հետ ԱԱԳ-ի վերաբերյալ համատեղ հետազոտական խմբի զեկույցը եւս նախատեսում են այս տարի ներկայացնել միության անդամ պետությունների ղեկավարներին: