Վատիկանում սեպտեմբերի 4-ին Մայր Թերեզայի սրբադասման արարողություն տեղի կունենա՝ դառնալով Գթասրտության Հոբելյանական տարվա ամփոփիչ իրադարձությունը:

Վատիկանի ռադիոյի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ կիրակի Սուրբ Պետրոսի հրապարակում բազմաթիվ հավատացյալներ կհավաքվեն՝ Հռոմի Պապի հանդիսապետությամբ մատուցված պատարագին մասնակցելու համար: Տարբեր կրոնների հետեւորդները, ինչպես նաեւ անհավատներն այդ օրը կհիշեն 1979 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրի, «Աղքատագույնների սրբի» գործունեությունն ու պատգամները:

Ագնես Գոնջե Բոյաջիուն ծնվել է 1910 թվականի օգոստոսի 26-ին, մակեդոնական Սկոպիե քաղաքում: Նա ալբանացի ծնողների երրորդ զավակն էր: 18 տարեկանում նա որոշում է միանձնուհի դառնալ եւ մեկնում է Իռլանդիա՝ միանալով «Լորետոյի իռլանադացի քույրերի» միաբանությանը: Շուտով նրան ուղարկում են Կալկաթա, որտեղ շուրջ 20 տարի նա դասավանդում է Սուրբ Մարիամի օրիորդաց դպրոցում:

Ավելի ուշ Ագնեսը թողնում է մանկավարժությունը՝ իր կյանքը Կալկաթայի հետնախորշերում ապրող աղքատ մարդկանց շրջանում աշխատանքին նվիրելու համար: Այստեղ նա հիմնադրում է «Սիրո միսիոներուհու քույրեր» համայնքը: