Երեւանում հոկտեմբերի 19-21-ը կանցկացվի Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն հանուն ապագայի» ֆորումը։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Եվրոպայի խորհրդի հայաստանյան ներկայացուցչության մամուլի ծառայությունում, միջոցառմանը կմասնակցեն եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գիտնականներ, ինչպես նաեւ հրապարակախոսներ եւ լրագրողներ։

Ֆորումում քննարկվելու են ժողովրդավարական կառավարման սկզբունքները, մարդու իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում ձեռքբերումներն ու բացթողումները։

Մասնակիցները կանդրադառնան նաեւ Եվրոպայում ժողովրդավարության կայացմանը խոչընդոտող հարցերին։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը օրերս NEWS.am-ին տեղեկացրել էր, որ միջոցառման կապակցությամբ Հայաստան են ժամանելու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը, ԵԽԽՎ քարտուղար Մեվլութ Չավուշօղլուն եւ ԵԽ մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Թոմաս Համերբերգը, որոնք ելույթ են ունենալու ֆորումի ընթացքում։ Ըստ Զոհրաբյանի՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող Գորան Լինդբլադը ամեն ինչ արել է, որ միջոցառումը Հայաստանում չանցկացվի, սակայն նրա ջանքերն ապարդյուն են անցել։