ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հոկտեմբերի 13-ին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում մամուլի ասուլիսի ժամանակ կրկին հաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Կոսովոյի անկախության վերաբերյալ:
«ԱՄՆ-ն, ի սկզբանե, պաշտպանել է Կոսովոյի ինքնիշխան եւ անկախ պետություն լինելու իրավունքն` իր գոյություն ունեցող սահմաններով: Մենք ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի վերջերս հայտնած խորհրդատվական կարծիքը, որը հաստատել է Կոսովոյի անկախության հռչակման օրինականությունը»,- ասել է Քլինթոնն ու հավելել. «Կոսովոյի կարգավիճակը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն»:
Նշենք, որ Քլինթոնն այցելել է Կոսովո, Բելգրադում Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ բանակցություններից հետո: Վերջինս հայտարարել է, որ չի հրաժարվի ոչ Կոսովոյից, ոչ էլ ԵՄ անդամությունից, սակայն պատրաստ է երկխոսություն սկսել Պրիշտինայի հետ: «Սերբիան չի ճանաչել եւ չի ճանաչի Կոսովոյի անկախությունը: Միաժամանակ, Սերբիան պատրաստ է երկխոսություն սկսել Պրիշտինայի հետ եւ ցանկանում է, որպեսզի այդ երկխոսությունն սկսվի որքան հնարավոր է շուտ»,- նշել է Տադիչը:





























