Հայաստանի եւ Իրանի միջեւ դեռեւս չօգտագործված ներուժ, համագործակցության հեռանկարներ կան եւ այս առումով կարեւորել է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Ողջունելով հյուրին` նախարարը կարեւորվել է զբոսաշրջության ոլորտում, մասնավորապես, գյուղական տուրիզմի ոլորտում համագործակցության ծավալման հնարավորությունը, որպես օրինակ նշելով ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ իրականացվող «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագրի մոդելը: Դավիթ Լոքյանը վստահություն է հայտնել, որ այս ձեւաչափով համագործակցությունը հաջողված կլինի նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ողջունել է այս առաջարկությունը, նշելով, որ Իրանի նահանգները գյուղական տուրիզմի ոլորտում լավ փորձ ունեն եւ կարող են լուրջ դերակատարում ունենալ նմանատիպ ծրագրերի իրականացման գործում: Տեղեկացվել է, որ առաջիկայում իրանական կողմը նախատեսում է նաեւ ուսումնասիրություն կատարել Հայաստան-Իրան հատվածում տուրիստական ենթակառուցվածքների ուղղությամբ, բարձրացնել խնդիրները եւ դրանց լուծումներ տալ: Դեսպանի խոսքով՝ երկկողմ գործնական քայլերի իրականացումը կարող են նպաստել տուրիզմի զարգացմանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ առողջապահության ոլորտում համագործակցության հնարավորություններին, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ առաջիկայում Իրանում կայանալիք ցուցահանդեսին Հայաստանի արտադրողների մասնակցությանը վերաբերող հարցեր:





























