Չինացի գիտնականները հաջողությամբ մշակել են առաջին չինական քվանտային ռադիոտեղորոշիչ համակարգը, հայտնում է «Սինհուան»:
Հայտնում են, որ համակարգի մշակումը օգոստոսին ավարտել էին Չինական էլեկտրոնային տեխնոլոգիաների կորպորացիայի 14-րդ ինստիտուտի աշխատակիցները: Համակարգի աշխատանքի հիմքում միայնակ ֆոտոնների հայտնաբերումն է:
Թեստերի ընթացքում պարզվել է, որ համակարգի հեռահարության գործողությունը գերազանցում է 100 կմ-ն:
Նշում են, որ նման ռադիոտեղորոշիչ համակարգը ունակ է հայտնաբերել օդանավ, որը օգտագործում է ստելս –տեխնոլոգիա ու զգալիորեն կայուն է ռադիոարգելքների հանդեպ:
Չինաստանը օգոստոսի կեսերին հաջողությամբ իրականացրել է քվանտային կապի աշխարհում առաջին «Մո ցզի» արբանյակի արձակումը «Ցզուցյուան» տիեզերակայանից: Արբանյակը արձակվել է «Չանչժեն 2 Դ» հրթիռակրի օգնությամբ: Արբանյակն արդեն Երկիր է փոխանցել առաջին 202 մեգաբայթ տվյալները:
Չինաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Պան Ցզյանվեյի խոսքով արբանյակի բոլոր համակարգերը լավ աշխատում են ու դրա օգնությամբ գիտական փորձերը կարելի է սկսել արդեն սեպտեմբերից: Նա ավելի վաղ նշել էր, որ արբանյակ -երկիր կապը հաջողությամբ աշխատում է «Մո ցզիի» ու հինգ ցամաքային կայանների միջեւ, ինչը տեխնիկական հնարավորություն է տալիս քվանտային կոմունիկացիոն գծի փորձարկման համար:





























